Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանից զորակոչված 43 զինծառայողներ 5-օրյա և 10-օրյա արձակուրդով Երևանում են

Քաղաքականություն
zinvor

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողներին կարճաժամկետ արձակուրդի հնարավորություն է ընձեռվում։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանից զորակոչված 43 ժամկետային զինծառայողներ 5-օրյա և 10-օրյա արձակուրդով հունիսի 30-ից Երևանում են։ «Հաջողված այս համագործակցության համար առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարին և վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական։ Նաև շնորհակալ եմ բոլոր այն ծնողներին, ովքեր դաստիարակել են քաջ զավակներ, որոնց շնորհիվ մեր սահմաններն այսօր ամուր են ու անառիկ: Ձեզ էլ բարի ծառայություն եմ մաղթում, տղե՛րք ջան: Միշտ հիշեք, որ մենք հպարտ ենք ձեզանով և համոզված եմ, որ ի դեմս ձեզ՝ մենք ունենք արժանի սերունդ, ովքեր պատվով ու պատասխանատվությամբ նաև կշենացնեն մեր երկիրը»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա շնորհակալություն հայտնել նաև հանդիպմանը ներկա ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին և ՀՀ ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին՝ զինվորականների այցը նախապատրաստելուն աջակցության համար։ Այնուհետ, ի նշան երախտագիտության, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևանի զինանշան» հուշամեդալներով է պարգևատրել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ Երևանի համայնքի և Գեղարքունիքի մարզի միջև համագործակցության ընդլայնման համար, և ՀՀ ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար։ Շուրջ երկու տասնյակ սպաներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով։ Զինծառայող որդիների հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետին ու ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված շնորհակալական խոսք են ասել նաև զինծառայողների ծնողները՝ նշելով, որ այսկերպ սատարումը առավել ամուր ու մարտունակ է դարձնում մեր սահմանների այսօրվա պաշտպան իրենց որդիներին։