Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիների հետ բացատրական աշխատանք է տարվել (տեսանյութ)

Հասարակություն
Hamaynqner

Համայնքների ֆինանսիստների միավորումը և «ՀաՄաՏեղ» ծրագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, առաջիկա 5 տարիներին համայնքների խոշորացման հարցով նախաձեռնություն է իրականացնելու։ Այն ներառում է աշխատանք պետության, ավագանու և բնակչության հետ։ Վերջինների դեպքում հիմնական խնդիրը իրազեկվածության պակասն է։ «Ամենօրյա աշխատանք ենք իրականացնում ՏԿԱԻՆ-ի հետ։ Ունենք 75 մոդելային համայնք, որոնցից 40-ն ընդգրկված են խոշորացման ծրագրում։ Հայտարարելու ենք մրցույթներ՝ համայնքներին դրամաշնորհ տրամադրելու համար»,-պատմեց «ՀաՄաՏեղ» ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը։ Նա նաև հայտնեց մի նորույթի մասին. «Օժանդակելու ենք, որպեսզի համայնքների բնակիչներն ուղղակի ստորագրություններ հավաքելու միջոցով իրենց հարցերը ներկայացնեն ավագանուն։ Սա վաղուց կիրառվում է Եվրոպայում»։ Իսկ հանրաքվեի մասով պարոն Թումանյանն ընդգծեց. «Սա Հայաստանի պատմության մեջ լավագույն հանրաքվեն էր»։ «Նախկինում, երբ խոսվում էր խոշորացման մասին, գյուղացիներն ասում էին, թե գյուղերը կքանդվեն։ Բայց բացատրական աշխատանքից հետո հիմա իրավիճակը մեղմվել է»,-իր հերթին շեշտեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը։ «Ա1+»-ի այն հարցին, թե հանրաքվեի ընթացքում լցոնման դեպք նկատե՞լ են, նա նշեց. «Ոչ լցոնման, ոչ էլ քաշքշուկի դեպք մենք չենք տեսել»։ Համայնքների խոշորացման շատ մոդելներ կան, բայց ըստ պարոն Մովսիսյանի՝ օրինակ ճապոնական կամ առաջատար այլ երկրի համայնքների խոշորացման մոդելով մենք չպետք է առաջնորդվենք. ունենք մեր խնդիրները։ Ներկայում համայնքների խոշորացման հարցով օրենքի նախագիծն է պատրաստվում, որը նախատեսվում է կյանքի կոչել սեպտեմբեր ամսին. «Եթե ԱԺ-ն նորմալ աշխատի»,-շեշտեց փորձագետը։ Նա նշեց նաև, որ օրինակ Սյունիքի մարզի համայնքներից մեկում՝ Քաշունիում, ընդամենը 24 բնակիչ կա. «Երբ հասնում ես այնտեղ, քեզ թվում է՝ Հայաստանը վաղուց վերջացել է։ Այդ համայնքում խոշորացումից հետո երևի թե ավագանի չի լինի։ Մարդիկ պետք է հարակից համայնքներ գնան՝ փաստաթղթերի հարցով»։ Իսկ ե՞րբ իրականություն կդառնա համայնքների խոշորացումը։ Փորձագետների համոզմամբ՝ հաջորդ տարվա նոյեմբերին՝ գյուղապետերի հերթական ընտրությունների ժամանակ։