Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդանանում սովորելու հնարավորությունը հնգապատկվել է (տեսանյութ)

Հասարակություն
Ashotyan1

Հայ ուսանողները երրորդ տարին է՝ հնարավորություն ունեն սովորելու Հորդանանում։ Սա հնարավոր դարձավ 2012 թվականին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հորդանանի Հաշիմյան թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրանի ստորագրած հուշագրի միջոցով։ Այսօր կողմերը ևս մեկ հուշագիր ստորագրեցին, որը թույլ կտա ուսանողների փոխանակման ծրագիրն ընդլայնել։ Եթե վերջին երեք տարում Հայաստանից և Հորդանանից 5-ական ուսանող էր երկու երկրներում կրթություն ստանում, ապա այժմ տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրվի բժշկության, ՏՏ, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության ոլորտներում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ամբողջ կիսամյակի համար։ «Հայ ուսանողներին Հորդանանում հիմնականում գրավում է արաբագիտությունը, իսլամագիտությունը։ Իսկ այնտեղի ուսանողների մեծ մասը մեզ մոտ սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում»։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչու է մեծամասնությունը Բժշկականը նախընտրում, և արդյո՞ք քայլեր ձեռնարկվելու են այլ բուհեր գրավիչ դարձնելու համար, պարոն Աշոտյանը նշեց. «Որ ես Բժշկականի շրջանավարտ եմ, դա չէ պատճառը։ Այդ բուհում անգլերեն լեզվով լիարժեք կրթություն են տալիս, այն ակադեմիական, լավ կրթություն է տվել դեռևս Խորհրդային շրջանից»։ ԿԳ նախարարը շեշտեց, որ անշուշտ, հնդիկ ուսանողները շատ լավ սովորում և խոսում են հայերեն, բայց իրենք կրթությունը հայերեն չեն ստանում, եւ մեր երկրի համար կարևոր է անգլերեն դասավանդող դասախոսներ և գրականություն ունենալը։ «Ուրախ ենք հայ ուսանողներին տեսնել Հորդանանում։ Մեզ մոտ ավելի քան 50 ազգի ներկայացուցիչ է սովորում, միջազգային կրթական համակարգ ունենք և ուսանողների մոտ 25 տոկոսն օտարերկրացիներ են»,-իր հերթին ասաց Հորդանանի կրթական կառույցի պատասխանատու պարոն Խադրան։ Ի դեպ, առաջիկա օրերին նա այցելելու է մեր մի քանի բուհեր՝ ԵՊՀ, ԵՊԲՀ, Սինոփսիս ընկերության կրթական կենտրոն և Մատենադարան։ Նշենք նաև, որ նախատեսվում է մոտ ապագայում Հորդանանում կազմակերպել հայաստանյան բուհերի կրթական ցուցահանդես։