Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ հավաքն ավելի շատ ինքնագովազդ է, շատերի համար՝ գուցե քավարան» (տեսանյութ)

Հասարակություն
vahram

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդները գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանին հիշեցնում են 1962 թվականին ուսանողական հեղափոխությանը մասնակցող երիտասարդներին. «Այն ժամանակ էլ էր լռության մատնված երիտասարդների բողոքը»: Պարոն Մարտիրոսյանը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը միայն առիթ էր մարդկանց համար՝ դուրս բերելու տարիների կուտակված ջղայնությունը. «Զանգվածային այսպիսի շարժման համար միայն սակագնի հարցը շատ քիչ է, ես հասկանում եմ, որ այնքան է կուտակվել սոցիալական խնդիրները, որ պոռթկում եղավ: Այս դեպքը չլիներ՝ ուրիշ լիներ, միեւնույն է՝ մարդիկ դուրս էին գալու փողոց»: Իսկ իշխանությունների արձագանքը, ըստ նրա, ամնեւին էլ բավարար չէր. «Շատ մարդիկ տարիներ առաջ արվարձաններում էին ապրում, հիմա ապարտամենտներ ունեն: Ամնեզիա է նրանց մոտ ու մոռացել են, թե ինչ է հոգսը»: Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը համոզված է՝ այսօր Բաղրամյան փողոցում տեղի է ունենում գեներացումը՝ քաղաքական այն կապիտալի, որը մսխվել է իշխանության կողմից. «Դրա արդյունքում մենք հայտնվել ենք այն վիճակում, որ ռուս ինչ-որ չինովնիկ գալիս է ու ինչպես ուզում՝ խոսում է մեր ամենաբարձր իշխանավորի հետ»: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես են նրանք վերաբերվում կենդանի պատին, որ կազմվել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, բանախոսները նախ վստահեցրեցին, որ նրանք երկուսն էլ, ակցիային մասնակցում են որպես սովորական քաղաքացի. «Ես ոչինչ չունեմ այդ պատի դեմ, թող գան կանգնեն, դա կարող է մտավորականի դիրքը լինել, բայց ես վստահ չեմ, որ եթե գործողություն լինի, այդ կենդանի պատը իր գործառույթը կկատարի»,- ասաց Նազարեթ Կարոյանը: Իսկ Վահրամ Մարտիրոսյանը կենդանի պատը առհասարակ զավեշտալի է համարում. «Նրանք, ովքեր հավաքվել են, լավ կլիներ մինչեւ այս կենդանի պատ լինեին ու ժողովրդին պաշտպանեին: Իրանք էնտեղ են, էնտեղ չեն՝ իմ համար մեկ է, հենց մի փոքր թեժանա, իրանք կգոլորշիանան: Այդ հավաքն ավելի շատ ինքնագովազդ է, կամ, գուցե, շատերի համար քավարան»: