Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկված լրագրողներից ոմանք ազատ են արձակվել

Քաղաքականություն
GFGFGF

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված ու բերման ենթարկված լրագրողներից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանը Ա1+-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն և ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ «Փայլակի դեմքին ակնհայտ բռնության հետքեր են առկա։ Նրան հավանաբար ոստիկաններն են ծեծել։ Ես էլ ընկել եմ ջրաշիթի տակ, վնասվել է տեսախցիկս։ Ոստիկանական բաժանմունքում մենք հրաժարվել ենք բացատրություն տալ, այժմ ազատության մեջ ենք»,- նշեց լրագրողը։ Ըստ նրա ունեցած տվյալների՝ ոստիկանական ուժերի կողմից բնությունների են ենթարկվել հատկապես տեսանկարահանում իրականացրած լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Ոստիկանները նպատակ ունեին վերացնել բռնությունների վերաբերյալ տեսանյութերը»,- հավելեց Կարապետյանը։ Իր նկատմամբ բռնության մասին ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը ոստիկանության բաժանմունքից հայտնել է. «Ինձ բոլոր ոստիկանների ներկայությամբ, խփելով, ծեծելով, ջարդելով, սպանելով բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանություն: Անձամբ Երեւանի ոստիկանապետի ներկայությամբ, ես գոռում եմ, բղավում եմ, ասում եմ՝ լրագրող եմ, ինձ խփում են, ծեծում են: Երեւանի ոստիկանապետին՝ Աշոտ Կարապետյանին եմ ասում՝ ես լրագրող եմ, բղավում է.դե տարեք: Հենց հիմա դեմքս լրիվ կապտուկների մեջ է, խփում են ինձ, այստեղ սարսափելի բան է կատարվում»: «Հետք» պարբերականի խմբագրությունից Ա1+-ին հայտնեցին, որ այս պահին ազատության մեջ է իրենց լրագրողներից Անի Հովհաննիսյանը, իսկ թե ոստիականական ո՞ր բաժանմունքում է գտնվում իրենց մեկ այլ լրագրող՝ Հրանտ Գալստյանը, «Հետք»-ն այս պահին տեղեկություններ չունի։