Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Արծրունին համերգաշար է սկսում (տեսանյութ)

Մշակույթ
nkar000011

50 տարին յուրաքանչյուր արվեստագետի համար իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ մի սահմանագիծ է, ինչպես ասում են, քարեր հավաքելու ժամանակը: Վահան Արծրունին այս տարի դեկտեմբերին կբոլորի հիսունը, որից երեսուն տարին նա ստեղծագործում է: Ընտանեկան ավանդույթը շարունակելով` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վահան Արծրունու թոռը ավարտեց բժշկական ինստիտուտը: Դեռ սովորելու տարիներին երգում էր «Նարեկ» արական երգչախմբում, գրում երգեր: Երաժշտարվեստն ի վերջո հաղթեց և Վահանը ընդունվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը Արծրունին սկսել է դեռ ուսանողական տարիներից: «Նախ այն, ինչի մասին նա է գրում, ինձ շատ հարազատ է և հետո նա այն քիչ հայ պոետներից է, որոնց ստեղծագործությունները հաջողվում է վերածել երգի,- ասում է Վահանը։- Իսկ այդ երգերը չեն կորցնում իրենց արդիականությունը, քանի որ իրական բանաստեղծը և բանաստեղծությունը ժամանակից դուրս են»։ Դասականից մինչև ավանգարդ, կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային: Ասորական արևելքի եկեղեցու պատարագի և սրբազան ծեսերի մշակումներ, Մաշտոցի պահպանված 11 շարականների մեկնություն. «Կոմիտաս` տասը հայտնություն»՝ երգաշարեր, երաժշտություն կինոյի և թատրոնի համար: Հեղինակ-կատարող, երաժշտական փառատոների հեռուստա և ռադիոհաղորդաշարերի կազմակերպիչ, հեղինակ, վարող: Պաշտոնական կայքն այսօր շատ կարևոր տեղեկատվական միջոց է առավել ամբողջական ներկայացնելու արվեստագետին: Ժամանակին ունեի կայք, ասում է երաժիշտը, որը սակայն 2004-ից չէր գործում: Այս կայքում ցուցադրված է իմ 30 տարվա ստեղծագործության արդյունքը: Եվ, քանի որ շատ եմ կարևորում այդ իրադարձությունը, որոշեցի ուրախությանս հաղորդակից դարձնել իմ արվեստի երկրպագուներին: «Մոսկվա» կինոթատրոնում, հունիսի 19-ին կկայանա Վահան Արծրունու պաշտոնական կայքի շնորհանդես-համերգը: Կայքը փուլերից մեկն է: Օգոստոսից մինչև դեկտեմբեր Վահան Արծրունին համերգային ելույթներ է ունենալու և այն էլ միայն մեծ հարթակներում: Տարվա վերջն էլ կեզրափակի մեծ համերգով սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: