Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գեյերին գումար տրամադրելը հայաթափման ծրագրի մի մասն է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar1

«Որևէ օրենք չկա, որը պետք է վերահսկի Հայաստան եկող արտաքին գումարային հոսքերը, որոնք ուղղված են իբր քաղաքացիական հասարակությունը զարգացնելուն կամ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այդ բոլորը ուղղված է մեր ներքին ազգային անվտանգությանը»,-շեշտում է «Համահայկական ծնողական կոմիտե» հիմնադրամի անդամ Արման Բոշյանը՝ խոսելով Գերմանիայի դեսպանատան կողմից «Նոր սերունդ» ՀԿ-ին տրամադրված 30.000 եվրոյի մասին, որը ուղղվելու է Հայաստանում միասեռականների իրավունքների պաշտպանությանը։ Արման Բոշյանը շեշտում է, որ դա կանխամտածված ծրագիր է ՝ Հայաստանը հայաթափելու համար։ Այս համատեքստում բանախոսը հիշեցնում է Ռուսաստան–Արևմուտք հակամարտությունը՝ նկատելով, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում, որը հիանալի պլացդարմ կարող է հանդիսանալ՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար։ «Հայաստանը նրանց պետք է առանց հայերի։ Այս բոլոր ծրագրերը, այդ թվում նաև աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը, որ իրականացվում է այստեղ դրսից եկող գումարներով, դրանք բոլորը միտված են հայաթափմանը, ծնելիության նվազմանը և մեր բնակչության այլասերմանը։Անտեսվում է մեր երկի հոգևոր արժեհամակարգը։ Մենք միանգամից կառչում ենք այդ 30.000 եվրոյից, սակայն դա ընդամենը մի կաթիլ է օվկիանոսից։ Սեռական այդ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ, նրանք Հայաստանում որևէ նեղություն չեն էլ կրում»,- շեշտում է պարոն Բոշյանը։ Վերջինս նկատում է, որ Ռուսաստանում աղանդավորական խմբավորումների գործունեությունը օրենքով արգելված է, քանի որ նրանք սպառնալիք են ազգային անվտանգությանը, իսկ մեզ մոտ մտածում են, թե ինչպես անել, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին չխանգարի նրանց, քանի որ չենք ուզում գրանտներից զրկվել։ Ըստ Արման Բոշյանի՝ Հայաստանում նման ծրագրեր կարող են իրականացնել նաև Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ չկա գրանտները վերահսկելու օրենք, իսկ նման պարագայում մեր արտաքին թշնամու համար ևս ձեռնտու է հայաթափման ծրագիրը՝ որևէ խոչընդոտ չկա։ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համակարծիք է, որ նման ծրագրերը ուղղակիորեն սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը։Նրա խոսքերով՝ ոչ մեկը չի խանգարում համասեռամոլներին այստեղ իրենց գործն անել, բայց նրանք գնալով ավելին են ուզում։ «Գերմանիայի դեսպանին ես կոչ կանեի նման գումարներն ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք Հայաստանում քիչ չեն, այլ ոչ թե լեսբուհիների կամ գեյերի գործունեությունը խթանելուն։ Թող Գերմանիայի դեսպանը գնա իր երկրի գեյերին հովանավորի, եթե այդչափ մտահոգված է նրանց խնդիրներով, կամ այդ գումարները տրամադրի տնտեսության զարգացմանը, ոչ թե երիտասարդների այլասերմանը։ Սա լայնածավալ հարձակում է մեր ադաթների ու ավանդույթների վրա»,-շեշտում է պարոն Սարգսյանը՝ հավելելով, որ սա կոնկրետ ուղղորդված ծրագիր է։