Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանը հնարավոր է ներկայանա դատարան (տեսանյութ)

Քաղաքականություն
998514c93dbfa522c01e04e4b3605278

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հնարավոր է ներկայանա դատարան։ Նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը չի կարող բացառել։ Իսկ ահա Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը անձամբ է միջնորդելու, որ նախկին վարչապետը գա. հարցեր ունի նրան տալու։ Պատճառն այն է, որ նախկին վարչապետը դատի է տվել գործարար Փայլակ Հայրապետյանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ 1 մլն դրամ բռնագանձելու համար։ «Վարչապետը վիրավորվել է նրանից, որ գաղտնի խորհրդակցություն է եղել ադամանդագործների հետ, որին մասնակցել է նաեւ Ներսես Երիցյանը։ Հարցազրույցի ժամանակ դեռ պետք է ճշտվի՝ արդյո՞ք Փայլակ Հայրապետյանն ասել է, որ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ադամանդագործների ժողովին։ Բայց ի պաշտոնե կարող էր մասնակցել, որովհետեւ վարչապետ էր»,- ասում է փաստաբան Գրիշա Բալասանյանը։ Բացի այդ, Տիգրան Սարգսյանը վիրավորվել է նաեւ shamshyan.com լրատվամիջոցում արված այն հայտարարությունից, որ Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել։ Սնանկացման եզրին կանգնած հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանն իր վիճակի համար մեղադրում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հարցազրույցում այդ մասին էր խոսել։ Հայտնի օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը, սակայն, նրա անունը չի տվել, եւ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է։ Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված դատական նիստը շատ կարճ տեւեց. Գործով երրորդ անձ ճանաչված Գագիկ Շամշյանին ուղարկված ծանուցման ծրարը հետ էր վերադարձվել դատարան, այսինքն՝ հասցեատիրոջը չէր հասել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին: