Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստախոսը դուք եք». Արծվիկ Մինասյանը՝ Լեւոն Զուրաբյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM72254-copy

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին»  օրենքում փոփոխությունների քննարկմանը հայտարարեց, որ ինքը ելույթ չէր ունենա, եթե ամբիոնից ապատեղեկատվվություն չհնչեր. «Հորդորում եմ, որ ընդդիմադիր գործընկերները կարդան օրենքը: Պարոն Զուրաբյան (նկատի ունի ՀԱԿ խմբակցության ղեկավարին-խմբ.) դուք որքան շատ խոսեք, այնքան ձեր օգուտն է, այնքան ձեզ շատ կլուսաբանեն: Ես զարմանում էի, թե ինչու համայնքային ընտրություններին դուք թեկնածուներ չունեք, կամ զրոյական, մի քանի տոկոս ձայն եք ունենում: Հիմա  հասկացա, որ չունեք համապատասխան թեկնածու»: Նա անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներով ցանկանում է վերարտադրվել. «Եթե մենք ուզենայինք տապոռային քաղաքականություն վարել, կանեինք, սակայն դա մեզ պետք չէ: Ես նման տիպի բան չեմ պատկերացնում: Նման շահարկումների չենք գնում. մենք մանր, ճղճիմ էքսկուրսներ չենք անում պատմության մեջ: Այս ամբիոնը նրա համար չէ, որ դեմագոգիայով զբաղվեք, օգտվեք հավաստի աղբյուրներից: Եթե ի վիճակի չեք վերցնելու հավաստի տվյալներ, ես կարող եմ ձեզ դրանք տրամադրել»: Իսկ օրենսդրական փոփոխությունների հեղինակ ՀՅԴ Արծվիկ Մինասյանի ելույթը շատ էմոցիոնալ ստացվեց: Նրան խիստ վրդովվեցրել էին հնչած տեսակետները: Նրա ելույթի ընթացքում տեղերից պարբերաբար ռեպլիկներ էին անում ՕԵԿ պատգամավորները: Արձագանքելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի պարսավանքներին՝ Արծվիկ Մինասյանը բարկացավ. «Չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան. միայն ՀԱԿ-ն է գրավոր առաջարկություններ արել, ու չփորձեք պատճառաբանել, թե տեխնիկական խնդիրներ են եղել: Ձեր շատ մտքեր ուղղակի իրավագիտական անգրագիտություն են»: Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի դիտարկումներին. «Ինչ վերաբերում է Լեւոն Զուրաբյանի աշխարահացունց հայտարարություններին, ապա դուք, պարոն Զուրաբյան, այդպես էլ չարժեւորեցիք փոխադարձ հարգանքի կամ  միմյանց հետ աշխատելու հնարավորությունը: Ձեր կողմից փորձ է արվում նեղ, ճղճիմ հայտարարություններով հերթական քաղաքական դիվիդենտներ շահել: Երբ ՀՅԴ-ն գործում էր, ձեր ուժը իսկի ծնված էլ չէր: Դուք եք կեղծիքների նախահայրը, դուք ինչ բարոյականությամբ եք  նման հայտարարություն անում մեր հասցեին: Ստախոսը դուք եք, պարոն Զուրաբյան. այս ամբիոնից ինչ անիմաստ հայտարարություն ասես, անում եք. այդ աստիճան իրավագիտական տգիտություններ մի ասեք: Առաջարկներ եք ներկայացնում ու հետո թռնում Իրկուտսկ,  թե Յակուտսկ, ու մոռանում քննարկման մասին: Մենք ի տարբերություն ձեզ,  ձգտելու ենք, որ մեր երազանքը կերտվի, ունենանք հզոր հայրենիք»: