Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգամ Աբրահամյանը չգրված օրենքով իրավունք չուներ ընտրվել քաղաքապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

ՏԻՄ ինստիտուտը շատ կարեւոր է, բայց այն ոչ միայն մեզ մոտ չի կայանում, այլ նաեւ փակուղի է գնում. համոզված է «Ընդդեմ կամայական իրավականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նրան ամենից շատ անհանգստացնում է ընտրություններում ընդդիմության սակավությունը. «Դա հավատ չունենալու արդյունք է` ինչ-որ բան փոխելու այդտեղ: Բայց խորհրդային տարիներին մարդիկ ձեռ էին առնում, երբ մի անձ էր մասնակցում ընտրություններին, անգամ անեկդոտներ կային այդ թեմայով»: Տիկին Ալավերդյանին անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ պաշտոններն այսօր ժառանգականությամբ են զբաղեցնում: Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանին էլ անհանգստացնում է այն փաստը, որ ընտրություններին գենդերային խտրականություն կա. «Կանայք պետք է ինչ-որ աջակցություն ստանան, օրինակ` կնոջ առաջադրվելու դեպքում պետք է գումարի կեսը իշխանությունը տա: Պետք է քվոտա լինի` հիսուն տոկոսը պետք է կանայք լինեն»: «Ա1+»-ի հարցին, թե ինչ արժանիքներ ուներ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, որ ընտրվեց Արտաշատի քաղաքապետ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ավելի լավ է ասեմ՝ ինչ նա չուներ` նա չուներ ո’չ քաղաքական փորձ, ո’չ ճանաչելիության այն աստիճանը, որը անհրաժեշտ է` քաղաքապետ դառնալու համար»: Տիկին Ալավերդյանը համոզված է, որ Արգամ Աբրահամյանը չգրված օրենքով` իրավունք չուներ ընտրվել քաղաքապետ. «Ոչ թե որովհետեւ նա վարչապետի որդին է, այլ նրա համար, որ նա ցույց չի տվել իրեն այդ դաշտում, ժողովուրդը միանգամից հասկանում է , որ նա պաշտոնատարի որդի է, դրա համար էլ ընտրվեց»։ Ազատ Արշակյանը համամիտ չէ տիկին Ալավերդյանի հետ, նա նշում է` ոչ մի օրենք չի խախտվել. «Մեկը եթե ցանկանում է մտնել քաղաքական դաշտ, ոչ ոք իրեն չի կարող արգելել, անկախ նրանից, թե նա ինչ ժառանգություն ունի»: Իսկ Արգամ Աբրահամյանի արժանիքների մասին խոսելով` պարոն Արշակյանը ասաց. «Երիտասարդը եթե արժանիքներ ունի, ուրեմն երիտասարդ չի, նա պետք մտնի դաշտ ու ցույց տա իր արժանիքները, երբ չկարողանա անել, կհիշեցնենք հետո»: Լարիսա Ալավերդյանը միանգամից առարկեց` Արտաշատը փորձադաշտ չէ, որ փորձենք: