ՀՀԿ խոսնակը՝ Սարգսյան-Ծառուկյան հարաբերությունների մասին (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստին քննարկվել են ՏԻՄ ընտրություններին և ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե «Հայաստան» կինոթատրոնի բացմանը նախագահ Սերժ Սարգսյանը կանգնել էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին մոտ 4 ամիս առաջ նրա հասցեին հնչեցրած խոսքերից հետո, պարոն Շարմազանովը նշեց. «Նախագահի կողքին են կանգնում, ոչ թե ինքն է կանգնում որևէ մեկի կողքին»: ՀՀԿ-ականի խոսքով՝ ինքը տեղյակ չէ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի ներկայիս հարաբերություններից: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման հարցին, նա նկատեց, թե իրենց էլ է այդ մտահոգում: «Ամենայն հավանականությամբ, կլինեն խորհրդարանական լսումներ ամսի 12-ին և կքննարկվեն թանկացման հիմնավորումները: Գրեթե համոզված եմ, որ 17 դրամի չափով թանկացնելու հայտը կմերժվի»: Պարոն Շարմազանովի անձնական կարծիքով՝ այդ լսումները պետք է փակ լինեն, առանց լրատվամիջոցների ներկայության. «Փակ լինելն, ինչպես Գալուստ Գրիգորիչն է ասում. թաքունը չէ»,-շեշտել է նա: Նիստին չի քննարկվել սահմանադրական բարեփոխումների հարցը: Անդրադարձ չի եղել նաև Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցների բողոքին, քանի որ ՀՀԿ խոսնակի ասելով՝ իրենք Կոմունիստական կուսակցությունը չեն, որ ամեն հարցով զբաղվեն ու որոշեն: Դա կառավարության խնդիրն է: Իսկ մինչև նիստի մեկնարկը դրսում պաստառներով հավաքված էին վետերան օդաչուները, որոնք պահանջում էին իրենց հասանելիք թոշակները: ՀՀԿ-ականներին էին սպասում նաև երկու գործարար կանայք, որոնցից մեկը վստահեցրեց, թե իր նկատմամբ բազմաթիվ ապօրինություններ են իրականացվել և երկիրը սուլթանություն է դարձել: