Սադոյանը խոսեց ՀԷՑ-ի «ամենամեծ խայտառակության մասին» (տեսանյութ)
ՀՀ Հանրային խորհուրդն այսօր քննարկում անցկացրեց էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ՝ միասնական տեսակետ ձևավորելու և այն Կառավարություն ու նախագահական ներկայացնելու համար: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց իրենց հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները. «Մենք երկար ուսումնասիրություններ ենք անցկացրել, մասնավորապես ուսումնասիրել ենք ՀԷՑ-ի ներկայացրած թանկացման վերաբերյալ հայտի փաստաթուղթը: Պատկերացրեք, որ ներկայացված հիմնավորումներից որևէ մեկը պատճառաբանված չէ և շատ են ուռճացումները ծախսերի, կորուստների վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀԷՑ-ը ցեմենտ է գնել 57000 դրամով, որն ընդհանուր առմամբ՝ 7 միլիոն դոլար է կազմում: Նմանատիպ անհիմն փաստեր բազմաթիվ են ներկայացված փաստաթղթում»,- նշեց Սաֆարյանը: ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն էլ խոսեց «ՀԷՑ-ի ամենամեծ խայտառակության մասին»: Ըստ նրա՝ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումների մասին փաստաթղթում չկա որևէ հիմնավորում, որ էլեկտրաէներգիան պետք է թանկանա: «Ոչ միայն որևէ հիմնավորում չկա ներկայացված թվային պատկերում, այլև ՀԷՑ-ը մեծ խայտառակություն է թույլ տվել՝ ՀԾԿՀ-ին ներկայացնելով մի փաստաթուղթ, որում նշում է ծախսեր, որոնք ի սկզբանե ինքն էլ գիտի, որ Հանձնաժողովը պետք է մերժի»: ԱԺ նախկին պատգամավորը զրուցել է նաև իրենց թաղամասի էլեկտրիկի հետ՝ պարզելու նրա ստացած աշխատավարձի չափը: «Գարիկն ասաց, որ ինքը ստանում է 120000 դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀԷՑ-ը միջին աշխատավարձ նշում է 220000 դրամ: Դե պարզ է, որ միջին աշխատավարձը այդքան բարձր կլինի, երբ ղեկավարներն ստանան այդքան բարձր աշխատավարձեր»,- նշեց Սադոյանը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դիմեց մասնակիցներին՝ հայտնելով ձայն տրամադրելու պատրաստակամության մասին այն մարդկանց, ովքեր որոշակի հիմնավորում ունեն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: ՀԽ անդամներից որևէ մեկը հանդես չեկավ ՀԷՑ-ի ներկայացրած թանկացման վերաբերյալ հիմնավորումների պաշտպանությամբ: