«Որոտան»-ի վաճառքի վերջնական ստորագրումը կլինի մեկ-երկու օրից
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարին տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ նախարարից հետաքրքրվել էր «Որոտան»-ի ՀԷԿ-ի վաճառքի մասին, սակայն մինչ օրս պատասխան չկա. «Ի՞նչ վիճակում է գործընթացը: Ճի՞շտ է, որ գնորդը խնդիրներ ունի՝ վարկ վերցնելու հետ կապված: Որքանո՞վ է հիմնավորված «Նաիրիտ»-ի եւ Քիմպրոմի փակումը՝ հոսանք արտադրող ընկերությունների հաշվին: Մենք գիտենք, որ հոսանքի քսան տոկոսն է բուն գազից արտադրվում: Այժմ գազի մասնաբաժինը բարձրացել է մինչեւ 40 տոկոս: Սա ի՞նչ ռազմավարություն է: Դուք ինքներդ եք համաձայնություն տվել գազի թանկացմանը: ՀՀ-ն Վրաստանին 270 մլն կՎտ հոսանք է ծախում, այժմ այդ ծավալները պակասել են, սա այն դեպքում, երբ մեր էլեկտրոհամակարգը ինքնաբավ է: Այն հեքիաթը, թե անցած տարիները ջրառատ չեն եղել, մինչդեռ ունեմ տվյալներ, որ ամենեւին էլ այդպես չէ»: Պարոն Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ՝ Կառավարությունը որեւէ մտահոգություն չունի՞, ֆորսմաժորային իրավիճակ չունի՞ հոսանքի թանկացման հետ կապված, կամ չե՞ք կանչել Բիբինին, հարցնելու՝ թե ինչո՞ւ է այս վիճակը»: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը նշեց, որ «Որոտան»-ի գործարքի վերաբերյալ, իր ունեցած տեղեկություներով, վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Ինչ վերաբերում է «Քիմպրոմ»-ին ու «Նաիրտ»ին, ապա, ըստ նրա, էլեկտրոհամակարգի ընկերությունները միշտ շահագրգիռ են եղել, որ դրանք շահագործվեն: Իսկ Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հետ կապված փոխնախարարը նշեց, որ ժամանակին, այո, Վրաստան շատ էին արտահանում էլեկտրաէներգիա, սակայն վերջին տարիներին Վրաստանը սեփական հիդրոէլեկտրականությունն է զարգացրել. «Եթե առաջիկայում կարողանանք ավելի էժան հոսանք առնել Վրաստանից, ապա կառնենք: իսկ սակագնի հետ կապված ՀԾԿՀ-ն դեռ ուսումնասիրում է հայտը: Մենք այդ քննարկումներին բոլորս նախապատրաստվում ենք»: Ի պատասխան Արամ Մանուկյանը նշեց. «Երանի մի երեք օր ժամանակ լիներ, ես ներկայացնեի այն բոլոր թերությունները, որոնք ունենք: Սրանք բոլորը հակահայաստանյան որոշումներ են: Ես գիտեմ՝ ինչն է խոչընդոտում, որ չի ստորագրվում «Որոտան»-ի վաճառքի պայմանագիրը. ամեն անգամ էսօր-էգուց եք անում: Լավ, անցանք առաջ»: Արա Սիմոնյանը հայտարարեց, որ մեր հիդրոռեսուրսները բացառապես օգտագործում են այնքան, որքան հնարավորություն ունեն. «Դա վերահսկվում է մեր հանձնաժողովի կողմից»: