Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ ճակատագիր է ունենում մանկատնից ընտանիք տեղափոխված երեխան

Հասարակություն
arm135824787643

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը կարծում է, որ մեծ տարիքում մարդկանց կողմից դրսևորած բացասական վարքագիծը մանկության տարիներին ստացած տրավմաների հետևանք է։ «Նույնիսկ պատմությանը հայտնի բռնապետերի, վատ վարքագծով հայտնի գործիչների մոտ այդպիսի որակներ ձևավորվում է վաղ տարիքում ստացած տրավմաներով։ Ծնողները պետք է որոշակի պարտավորվածություն ունենան իրենց երեխաներին լավ դաստիարակություն տալու համար»,- նշում է Գյունաշյանը։ Խոսելով երեխաների իրավունքների մասին՝ Գյունաշյանը համարում է, որ երեխաների պաշտպանվածության մակարդակը խոցելի է ոչ միայն ընտանիքից կտրված երեխաների դեպքում. «Մեր երկում առկա է 32% աղքատություն, իսկ ի՞նչ վիճակում են գտնվում այն երեխաները, ովքեր ապրում են աղքատ ընտանիքներում։ Կենտրոնանալ միայն գիշերօթիկներում գտնվող երեխաների վրա՝ ճիշտ չեմ համարում։ Կան ծերացող գյուղեր, սահմանամերձ համայնքներ... երեխաներ, որոնց համար կոնտրաստը տեսանելի է, ի վերջո՝ բևեռացում կա նաև երեխաների շրջանում»,- նշում է Գյունաշյանը։ Ըստ նրա՝ այսօր իրենք աշխատանքներ են տանում, որ յուրաքանչյուր համայնք ունենա իր սոցիալական աշխատողը, որը աշխատանքներ կտանի համայնքում բնակվող ռիսկային գոտում գտնվող երեխաների հայտնաբերման և նրանց հետ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ «Այսօր մենք կարող ենք ուրախությամբ հայտնել, որ օրինակ՝ Գավառի մանկատան երեխաների թիվը 130-ից հասել է 65-ի։ Այդ երեխաները արդեն գտնվում են իրենց ընտանիքներում»,- նշեց Գեղանուշ Գյունաշյանը։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետևում է փակված կամ գործող գիշերօթիկից կամ մանկատնից ընտանիք տեղափոխված երեխաների ճակատագրերին, նրանց ապրելու պայմաններին, Գյունաշյանը պատասխանեց, որ այդ աշխատանքը իրականացվում է մարզպետարանների համապատասխան վարչության կողմից, ինչպես նաև համայնքային սոցիալական աշխատողի միջոցով։