Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպասեք մեր կոչին». Սեֆիլյանը դիմեց ժողովրդին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan1

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ իրենք գիտեն այն քայլը, որը ժողովրդին փողոց կհանի։ «Ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայն ասել, պետք է մեր ժողովուրդը մեզ վստահի, պետք է վստահել ինձ, այսօր մենք գործում ենք համարյա հակառակորդի թիկունքում։ Սպասեք մեր կոչին։ Ոչ մի խնդիր չկա, որն իր լուծումը չունի, ոչ ոք թող չկասկածի, որ մեզ հաջողվելու է տասնյակ-հազարներ փողոց բերել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ նրա՝ իրենք ունեն այն շնորհքը, որով ժողովրդին փողոց են դուրս բերելու։ Սեֆիլյանը համոզված է, որ շուտով ժողովուրդն ինքը ոտքի է կանգնելու. «Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, ընդվզելու է, առանց ընդվզման այս ռեժիմից ձերբազատում չկա։ Այն ուժերը, որ երազում են 2017 թվականին ընտրություններով փոփոխություն... դա ցնորք է, մեղմ ասած։ Իրավիճակը արտակարգ է՝ ուշքի եկեք, այս ռեժիմն այլևս ընտրություններ կեղծելու կարիքը չունի»,- նշեց Սեֆիլյանը։ Նա իր ելույթում նաև պատասխանեց այն հարցին, թե որ ուժերի հետ իրենք կհամագործակցեն. «2008-ի մարտի 1-ի ջարդը, կրակոցը մեր ժողովրդի վրա մենք երբեք չենք մոռացել։ Մենք հիշում ենք, թե որ կազմակերպություններն էին թաթախված այդ գործում։ Այդ գործին առնչություն չունեցող բոլոր քաղաքական ուժերի հետ առաջիկա օրերին մենք դեմ առ դեմ փորձելու ենք նստել և գործակցության եզրեր գտնել»։ Ամփոփելով իր կոչը՝ Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքը ուղղեց նախ՝ այն մարդկանց, ովքեր ունեն որոշակի կարողություններ. «Մեր սկսած գործընթացը քաղաքական գործընթաց չէ, այն ազատագրական պայքար է։ Հայ բուրժուազիան պետք է տեղից շարժվի, Արցախյան պատերազմի ժամանակ ևս այդ շերտը կարողացավ տեղից շարժվել։ Այսօր ևս իրենք պետք է գիտակցեն և տեղից շարժվեն»։ Այնուհետ Սեֆիլյանը կոչով դիմեց Հայաստանում բնակվող ժողովրդին. «Ժողովուրդ, մի լքեք, մի հեռացեք Հայաստանից. ո՛չ արտագաղթին, վե՛րջ ռեժիմին»։ «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցան այս կազմակերպության այլ անդամներ և համակիրներ։ Նրանք հիմնականում կոչ էին անում ժողովրդին՝ «համախմբվել և միանալ ռեժիմի դեմ պայքարին»: