Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է վերջը լինել»

Տնտեսություն
banav1

Էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է խիստ ծանր անդրադարձ ունենալ հասարակության վրա՝ համոզված է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Հայաստանի տնտեսության այսպիսի խոցելի ու ծանր վիճակում նման որոշում ընդունելը նա անհեթեթություն է համարում. «Պաշտոնական տվյալներով՝ աղքատության մակարդակը երկրում հասել է 34%-ի, մեծացել է արտագաղթողների թիվը, ներդրումների քաղց կա: Այս ամենը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ամենի ֆոնին էլեկտրաէներգիայի թանկացումը խիստ ցավալի է»։ Բոստանջյանի կարծիքով՝ այն փաստը, որ լուրջ մարդիկ արդեն փողոց են դուրս եկել, նշանակում է, որ հասարակությունը այլեւս չի կարող դիմադրել. «Չեմ ուզում գույները խտացնել, սակայն սա կարող է վերջը լինել»։ Տնտեսագետի խոսքով` քաղաքական և քաղաքացիական կամք է անհրաժեշտ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար. «ՀԷՑ-ի ծախսերն ակնհայտորեն շռայլ են, շատ փողեր ուղղակի փոշիացվել են: Մինչդեռ մեր գանձապետարանում՝ բյուջեում, կարծես թե փող չկա։ էլեկտրաէներգիայի թանկացումը վատ կառավարման արդյունք է, սակայն մենք այլընտրանք չունենք: Միակ միջոցը համակարգում հանրային վերահսկողություն սահմանելն է»։ ՀԷՑ-ի կառավարման համակարգում բացթողումներն ակնհայտ են. հավելում է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը. «Եթե պետությունն այնտեղ մասնաբաժին ունենար, կվերահսկեր բոլոր գործընթացները, և ամեն ինչ գուցե այլ կերպ լիներ»։ Պարոն Սաֆարյանը համոզված է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի ապրանքների 10-12 տոկոս թանկացման։ Հանրային խորհրդի անդամ Կարեն Բաբուրյանը նույնպես ցավալի է համարում այս թանկացումը, սակայն կարծում է, որ պետությունը էներգահամակարգի վերահսկողության հնարավորություն չունի. «Էներգետիկայի նախարարությունը շարունակական աշխատելաոճ չունի: Յուրաքանչյուր նոր եկած ղեկավար իր քայլերն է անում, ինչը շատ անցանկալի է»։