Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պետք է դասեր քաղենք 2013թ-ի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածից. Թեւան Պողոսյան

Քաղաքականություն
Tevan

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ օրեր առաջ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովը Հայաստանի համար նպաստավոր էր տարբեր ուղղություններով։ Նրա խոսքերով՝ այդ գագաթնաժողովում ԵՄ-ն ցույց տվեց, որ պատրաստ է շարունակել Հայաստանի հետ իր համագործակցությունն ՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ինչ ուղեգիծ է Հայաստանը որդեգրել։ Ըստ նրա՝ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվեց նոր բանակցություններ սկսելու մանդատը։ Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ մինչև 2015թ-ի ավարտը Հայաստանը կունենա նոր համապարփակ փաստաթուղթ, որն իր մեջ քաղաքական տարրից զատ, կընդգրկի նաև տնտեսական բաղադրիչ։ «Ռիգան Հայաստանին տվեց այդ հնարավորությունը, այլ խնդիր է, թե մենք որքանով կկարողանանք օգտվել դրանից և ինչ քայլեր կձեռնարկենք այդ ամենը կյանքի կոչելու համար։ ԵՄ-ն որոշել է յուրաքանչյուր երկրին առանձին մոտեցում ցուցաբերել, և կարծում եմ, որ դա շատ ողջունելի քայլ է»,-նշեց նա։ Ըստ պատգամավորի՝ մեզ համար Ռիգայի գագաթնաժողովը միայն դրական ձևակերպումներ ունեցավ։ Այս համատեքստում Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի գործոնին, թե ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգացնելու ասպարեզում որքանով այն խոչընդոտ կհանդիսանա։ Այստեղ բանախոսը նկատեց, որ նույնիսկ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն է հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի բազմավեկտոր քաղաքականությանը։ Այդուհանդերձ, «Ժառանգության» ներկայացուցիչը շեշտեց, որ Ռուսաստանը միշտ առաջնորդվում է իր սեփական շահերով, իսկ մեր իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հասկանան դա և ղեկավարվեն իրենց երկրի շահերից բխող սկզբունքներով։ «Ռուսաստանն ամեն օր կարող է փոխել իր դիրքորոշումը, բայց դա չի նշանակում, որ մենք էլ պիտի հետևենք նրանց։ Մենք պետք է դասեր քաղենք 2013թ-ի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածից և հաշվի առնենք նաև այն, որ մեր արտգործնախարարը բազմաթիվ անգամներ խոսել է բազմավեկտոր քաղաքականության մասին»,-ասաց նա։ Դիտարկմանը՝ ԵՄ-ի՞, թե՞ Հայաստանի համար է առավել ձեռնտու հարաբերությունների այս նոր փուլն ու հետագա զարգացումները, Պողոսյանը պատասխանեց, որ այն շահավետ է երկուստեք, քանի որ այն ճանապարհը, որ ԵՄ-ն պատրաստվում է անցնել Հայաստանի հետ բխում է նաև նրանց շահերից։