Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ամյակի առիթով հրաժարվում են տրամադրել ուղեգրեր դեպի Թուրքիա

Հասարակություն
Travel

Արդյո՞ք այս ամառ հայաստանցիները հնարավորություն չեն ունենա զբոսաշրջային ուղևորություն կատարել դեպի Թուրքիա։ Մի քանի զբոսաշրջային գործակալություններ հայտարարել են, որ հրաժարվում են այդ ուղղությամբ ուղեգրերի վաճառքից: «Ա1+»-ը փորձեց պարզել՝ ինչո՞ւ են դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքից հրաժարված գործակալությունները նման որոշում կայացրել և արդյո՞ք դա ընդհանուր որոշում է։ «Սպուտնիկ» տուրիստական գործակալությունը դեպի Թուրքիա ուղղությունը բոյկոտած ընկերություններից է ։ «Ա1+»-ի հետ զրույցում գործակալության ներկայացուցիչը իրենց այդ որոշումը հիմնավորեց հետևյալ կերպ. «Մենք կարծում ենք, որ հայերը պետք է Թուրքիա չմեկնեն հանգստանալու»։ Այս ընկերությունը ծովափնյա հանգիստը նախընտրողներին առաջարկում է մեկնել Կիպրոս, Չեռնոգորիա, Սալոնիկ։ Կազմակերպում են նաև ներգնա շրջագայություններ ավանդական ուղղություններով՝ Գառնի, Գեղարդ, Տաթև։ «Sunny Tour» տուրիստական գործակալությունը ևս այս տարի դեպի Թուրքիա ուղղությունից հրաժարվել է։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ իրենց այդ որոշումը կապված է Ցեղասպանության 100-ամյակի հետ։ Ծովափնյա հանգստի սիրահարներին առաջարկում են այլ ուղղություններ՝ Հուրգադա (Եգիպտոս), Հունաստան, Բուլղարիա։ Նախորդ տարվա համեմատ առաջարկում են զեղչված գներ։ «Անի տուր» գործակալության ներկայացուցիչը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենք զբոսաշրջային ուղևորություններ չեն կազմակերպում դեպի Թուրքիա, օրինակ՝ ծովափնյա Անթալիա, սակայն չեն հրաժարվել Արևմտյան Հայաստան ուղղությունից։ «Սլավ Թրեվլ»-ի ներկայացուցիչն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք որևէ սահմանափակում չունեն՝ զբոսաշրջային ուղղությունների ընտրության հարցում և Թուրքիա մեկնել ցանկացողները կարող են դիմել իրենց։ Ավելացնենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունները բոյկոտած ընկերություններից որոշները չնայած նման հայտարարություններին՝ իրականացնում են այդ ուղղությամբ ուղեգրերի վաճառք, քանի որ այն պահանջված է։