Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԷՑ-ի կրած վնասը պետք է փոխհատուցվի պետության կողմից» (տեսանյութ)

Տնտեսություն
melkumyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ քննարկումների քաղաքականացումը կտանի փակուղի։ Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում ժողովուրդը պետք է որևէ կերպ չտուժի, և անհրաժեշտ է առաջացած խնդրի վերաբերյալ պրոֆեսիոնալ աշխատանքներ իրականացնել։ «Ես կողմ եմ ակցիաների իրականացմանը, որ ժողովուրդը դուրս է եկել, մեր կուսակցությունից պատգամավորներ էլ են մասնակցել մայիսի 27-ի հավաքին։ Սակայն կարծում եմ, որ հավաքները ամբողջ ժողովրդի կարծիքը չեն արտահայտում»,- նշում է Մելքումյանը։ Տնտեսագետ պատգամավորի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան սպառվում է 5,5 միլիարդ կվտ էներգիա, սակայն արտադրվում է 7 միլիարդ, որից 1,3 միլիարդ կվտ-ը տրվում է Իրանին՝ գազի դիմաց։ Ըստ Մելքումյանի՝ ՀԷՑ-ի պարտքը կազմում է 250 միլիոն դոլար, սակայն դրա այն մասը, որը խանգարում է նրան կանոնավոր գործունեության համար՝ 24 միլիարդ դրամ է։ Ընկերության կրած վնասը 37,5 միլիարդ դրամ է, որը, ըստ պատգամավորի, պետք է փոխհատուցվի պետության կողմից, ինչն այս դեպքում արվում է սակագնի բարձրացման հաշվին։ ՀԷՑ-ը առաջացած բացասական տարբերությունը փակելու համար պարտքով վարկեր է վերցրել, որը ևս ներառվել է սակագնի մեջ։ Պատգամավորն առաջարկում է, որ պետությունն ստեղծի «բուֆերային փող» մինչև որ առաջացած խնդիրը կկարգավորվի, նաև կարող է որոշակիորեն ներգրավվել ՀԷՑ-ի կառավարմանը, օրինակ՝ դառնալ ընկերության բաժնետեր։ «Այդ դեպքում նա ոչ միայն շահույթ կստանա, այլ նաև հնարավորություն կստանա որպես բաժնետեր՝ աուդիտ իրականացնել ընկերությունում, 5%-ն բաժնեմասն էլ բավարար է»,- նշում է պատգամավորը։ Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցով Ազգային ժողովում լսումներ կանցկացվեն «հավանաբար հունիսի կեսերին»։ Գերծախսերի և շռայլ հատկացումների մասին հարցին ի պատասխան՝ Մելքումյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այստեղ ունի անելիք, որը պետք է պարզի՝ արդյո՞ք նմանատիպ ծախսերը ներառված են գնի բարձրացման հայտում։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք իրավապահներն անելիք ունեն բարձրաձայնվող հնարավոր չարաշահումների ու գերծախսերի վերաբերյալ հետաքննություն սկսելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը հստակ պատասխանեց չտվեց։