Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկարայի ազդեցության ներքո գտնվող խմբավորումները խոչընդոտել են հայերի միջոցառումը (տեսանյութ)

Քաղաքականություն
Gantaharyan

«Վերջին 7-8 օրերի ընթացքում Սիրիայում հարաբերական խաղաղ վիճակ է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Հայերի շրջանում եղան վիրավորներ, բայց, բարեբախտաբար, զոհեր չկան։ Փոխարենը մեծ նյութական վնասներ կան։ Սիրիայի հայկական համայնքից, իհարկե, մեծ է արտահոսքը, բայց կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում դեռևս լքել իրենց տները։ «Մի կողմից մարդիկ են, ովքեր կամովին ուզում են հեռանալ այնտեղից, բայց միջոցներ չունեն։ Եվ կան մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն տեղափոխվելու այլ երկիր, բայց նախընտրում են մնալ՝ հուսալով, որ շուտով խաղաղություն կհաստատվի»,-շեշտել է պարոն Գանտահարյանը։ Նրա խոսքով՝ հիմա Հալեպում զինադադար է, բայց լարվածությունը պահպանվում է։ Այս օրերին հայաստանյան օժանդակությամբ որոշ հալեպահայերի՝ այնտեղից դուրս գալու և դեպի Հայաստան տոմսի հարցն է լուծում ստացել։ «Բայց իհարկե, Հայաստանի կառավարությունը պետք է ավելի երկարաշունչ ծրագրեր մշակի, որ եկողները կրնան հաստատվիլ»,-ընդգծել է լիբանանահայը։ Սիրիայից դուրս եկող հայերի համար առաջին ճանապարհը դեպի Բեյրութն է, հետո ըստ ցանկության՝ կարող են գալ հայրենիք, մնալ այնտեղ կամ տեղափոխվել մեկ այլ երկիր։ «Խնդիրն այն է, որ Դամասկոսի և Քամիշլիի օդանավակայանները միջազգային չվերթներ չեն իրականացնում, այսինքն, մարդիկ ցամաքով պետք է գնան Լիբանան, հետո միայն՝ Հայաստան»,-ասել է պարոն Գանտահարյանը։ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը հայտնել է նաև, որ ապրիլ ամսվա ընթացքում Լիբանանում Անկարայի ազդեցության ներքո գտնվող խմբավորումը փորձել է խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջոցառումների դեմ։ «Բացի այդ, թուրքմեն բնակչություն կա, որը ֆինանսավորվում է Թուրքիայից, կատարում Անկարայի պատվերը։ Գալիպոլիի մասին պատկեր մը ցուցադրվեցավ և ՀՅԴ երիտասարդներն ընդվզեցին դրա դեմ։ Արդյունքում ծեծկռտուք եղավ նրանց ու թուրքմենների միջև»,-եզրափակել է նա։