Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան շատ թույլտվություն ստացան ձկնաբուծարաններ բացել» (տեսանյութ)

Հասարակություն
ecolur

Ամբողջ աշխարհում հունիսի 17-ը նշվում է որպես անապատացման դեմ պայքարի միջազգային օր։ Այս տարվա կարգախոսն է «Անվճար սնունդ չի լինում։ Ներդրում արեք հողի առողջության մեջ»։ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանը նշում է, որ հողը չվերականգնվող ռեսուրս է եւ ավելի լավ է պահպանել, քան վերականգնել։ Նրա խոսքերով՝ պահպանման առումով դրական եւ բացասական միտումներ կան։ «Դրականն այն է, որ բնության պահպանվող հատուկ տարածքները ավելանում են, որտեղ մարդու տնտեսական գործունեությունը գնալով սահմանափակվում է, ավելացել են բազմամյա տնկիները։ Միաժամանակ գյուղատնտեսական հողերի ութսուն տոկոսը ոռոգման կարիք ունեն, սակայն ոռոգվում է միայն 50 տոկոսը, գյուղատնտեսական հողերի քանակը գնալով նվազում է, բացի այդ, ավելացել է ընդերքօգտագործումը, 2013-2014 թթ-ին՝ 1460 ՀԱ-ով»,- «Էկոլուր» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Աշոտ Վարդեւանյանը։ Նրա խոսքերով՝ պետք չէ այդքան հանք օգտագործել, իսկ 43 տոկոսը ռիսկային է։ Արարատյան հարթավայրում հիմնականում հողերի աղակալման հետ կապված խնդիրներ կան։ Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքերով՝ ձկնաբուծարանների կառուցվելուց հետո Արարատյան դաշտը գնում է անապատացման։ «Այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան շատ թույլտվություն ստացան ձկնաբուծարաններ բացել»,-բնապահպանության նախարարության ներկայացուցչին հարցրեց Կարինե Դանիելյանը։ Հարցին Աշոտ Վարդեւանյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց. «Դա երեւի մեր ազգային առանձնահատկություններից մեկն է, մի բան, որ անում ենք, շատ ենք սկսում անել, մինչեւ համը հանում ենք»։ Կարինե Դանիելյանի խոսքերով՝ երբ միջազգային մասնագետները Հայաստանում են եղել, ապշել են, թե ինչպես է մեկ տասնամյակի ընթացքում հողն այդպես քայքայվել։