Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտի նոր համաձայնագիր է քննարկվում

Հասարակություն
c0d6b47ed3fa225886dd667df57f2bf1

ԱԺ-ում այսօր 2014թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն էր ներկայացնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Քննարկմանը ներկա ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց նախարարից հատկապես մարզերում աղքատության կրճատման ուղիների մասին. «Աշխատատեղերի ստեղծմամբ հնարավոր է ինչ-որ չափով բարեկեցությունը բարձրացնել»: Նրա մյուս հարցը վերաբերում էր արտագնա աշխատանքի մեկնողներին. «Վերջերս ընդունեցինք օրենք, որով հարկային արտոնություններ են սահմանվում նրանց, որոնք հաշվառվում են, հանդիսանում ՀՀ ռեզիդենտ: Սակայն այստեղ խնդիր կա, երբ տվյալ անձը նաեւ նպաստառու ընտանիք է: Այս դեպքում արդյոք պահպանվո՞ւմ է նպաստը,  թե ոչ»: Նախարարը պատասխանեց՝ ասելով, որ անապահովության գնահատման համակարգում ընտանիքի անապոհովության միավորը գնահատվում է, օրինակ, արդյոք նա եկամուտ ունի՞, թե ոչ. «Դա պարզում ենք հարկային մարմնի կողմից վարվող համակարգի միջոցով: Եթե ոչ ֆորմալ եկամուտ կա, ապա այն չի երեւում համակարգում, հետեւաբար չի կարող ազդեցություն ունենալ այդ միավորի վրա: Սակայն եթե գրանցված է, ուրեմն ճիշտ է, որ ազդեցություն ունենա նպաստ ստանալ-չստանալու վրա:  Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանում ստանան»: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանի հարցը վերաբերում էր ԵՏՄ անդամակցության հետ կապված սոցիալական ընթացակարգերին. «Մենք ունենք  սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ: ԵՏՄ տարածքում նրանք որեւէ արտոնություններ կամ այլ հնարավորություններ կունենան, թե ոչ»: Պատգամավորին հետաքրքրում էր նաեւ մահացածների ընտանիքներին տրվող միանվագ գումարների հարցը. «Մենք ահազանգեր ենք ստանում, որ այդ գումարները ուշացնում են, ու դատական քաշքշուկներ են: Ասացեք, խնդրեմ, օրենքով ի՞նչ ժամանակահատվածում կարող են մարդիկ այդ գումարը ստանալ: Եվ որքա՞ն ընտանիք է ստացել այդ գումարները»: Արտեմ Ասատրյանը նշեց, որ ԵՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտին վերաբերող նոր համաձայնագիր է քննարկվում, սակայն դա չի վերաբերելու ուժային կառույցների ներկայացուցիչներին. «Սակայն կա սկզբունք, որ յուրաքանչյուր երկիր իր մոտ պետք է ապահովի աշխատած ժամանակահատվածի համար արված վճարումներ, կատարի սոցիալական երաշխիքները»: Ինչ վերաբերում է մահացած անձանց ընտանիքներին տրվող միանվագ գումարներին, ապա նա նշեց, որ այդ համակարգը հստակ գործում է, որ տվյալ ամսվա ընթացքում դիմումներ ներկայացնելու պարագայում վճարումներն անխափան կատարվում են. «Ներդնելու ենք նաեւ նոր նախագիծ, ըստ որի՝ բանկերի հետ կլինի համագործակցություն, որ երեք օրվա ընթացքում դիմում տալուց հետո այդ գումարները ապահովվեն»: Նախարարի ներկայացրած տվյալներով՝ 2014թ. 24 600 ընտանիք միանվագ նպաստ է ստացել: