Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամբողջ բնակչությանը հղի կնոջ տեղ են դրել» (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar4

Ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու Առողջապահության նախարարարության որոշումը կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանի համոզմամբ՝ հղի է բնակչության առողջությանը սպառնացող բազմաթիվ վտանգներով։ «Ալյուրն այդ հավելանյութերով հարստացնելը նույն է, ինչ այրվող տան մեջ երեխաներին փրկելու փոխարեն «Վիշնեվսկի» դեղը շպրտես ներս ու ասես, դե քսեք ձեր վրա։ Միթե դա թույլատրելի է»,-զարմանքով նշեց պարոն Կարապետյանը։ Նրա խոսքերով՝   նաև միջազգային բժշկության և հայտնի առողջապահական կազմակերպությունների ուսումնասիրություններն են ապացուցել, որ այդ հավելանյութերը նպաստում են քաղցկեղի առաջացմանը։ «Ֆոլաթթուն կանացի հորմոնների աճ է առաջացնում, նպաստում է դրանց ակտիվ զարգացմանը, իսկ Հայաստանում, որպես կանոն, իրենց սննդակարգում հաց առավել շատ օգտագործում են տղամարդիկ, պատկերացնում եք , թե դա ինչի կարող է հանգեցնել։ Իսկ B12 դեֆիցիտի պայմաններում ֆոլաթթուն ի վիճակի է թաքցնել այդ դեֆիցիտը և չարորակ անեմիայի պատճառ դառնալ, որը շատ ավելի վտանգավոր է, քան սովորական երկաթդեֆիցիտային անեմիան։ ԵՄ-ի սննդի անվտանգության պետական տեսչության եզրակացության համաձայն ՝ բավարար ապացուցողական բազա չկա պնդելու, որ ֆոլաթթուն առաջացնում է քաղցկեղ, սակայն դա ժխտել անհնար է»,-մեջբերում է նա։ Աշոտ Կարապետյանը տարօրինակ է համարում նաև, որ Առողջապահության նախարարությունը հաշվի չի առնում այս բոլոր հանգամանքները և առաջնորդվում է միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումներով։ «ԱՀԿ-ին Առողջապահության նախարարությունը դրել է Աստծո տեղ ու հաշվի չի նստում մյուս կազմակերպությունների տվյալների հետ, որոնք բազմաթիվ երկրների օրինակով ապացուցել են, որ դրանք վտանգավոր նյութեր են»։ Բանախոսը ընդգծեց մի կարևոր հանգամանք ևս. «Ֆոլաթթվի այն չափաբաժինը, որ պետք է ավելացվի 300 գրամ ալյուրի մեջ հղի կանանց համար է նախատեսված , այն էլ որպես երեք ամսվա չափաբաժին և միայն բժիշկների խիստ հսկողությամբ։ Այս ամենի միակ բացատրությունը այն է, որ Առողջապահության նախարարությունն ամբողջ բնակչությանը հղի կնոջ տեղ է դրել»։