Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 28-ի օրերը. Մարտի 1-ի վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից (տեսանյութ)

Քաղաքականություն
oracuyc-2

1996-ի մայիսի 28-ին Պետական տոների մասին օրենքի ընդունումից հետո առաջին անգամ Հայաստանը նշում էր Առաջին Հանրապետության անկախության օրը։ Տոնախմբություններում քաղաքական ելույթներ չկան։ Այս օրը Հայաստանում կասեցված էր Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը։ 1998-ի մայիսի 28-ին առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի դուստրը՝ Սեդա Մանուկյանը հիշում է, թե ինչպես էին խորհրդային անվտանգության գործակալները մորը ստիպում լրտեսել Սփյուռքում գործող Դաշնակցության գործիչներին։ Մայրը չի համաձայնվել։  Նույն օրը Սարդարապատում նշում էին առաջին Հանրապետության հոբելյանական՝ 80-րդ տարեդարձը։ Մարդիկ հուշահամալիր էին գնում քարքարոտ, փոշոտ եւ անխնամ ճանապարհներով։ Խնամված միակ ճանապարհը նախատեսված էր պետական պաշտոնյաների համար։ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձինք հրկիզել են Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու Հրանտ Խաչատրյանի նախընտրական շտաբը։ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը մեղադրում է իշխանություններին։ Կասկածում են մեկ այլ թեկնածու, գործարար Լեւոն Սարգսյանին։ 1999-ի այս օրը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտ են հավաքվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-րդ դասարանցիները եւ նշում են իրենց վերջին զանգը։ Այստեղ իր կալանքն է անցկացնում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, որին մեղադրում են չարաշահումներ կատարելու համար։ Երեխաները փորձում են տնօրենին ծաղիկներ փոխանցել, սակայն պահակները չեն ընդունում՝ աշխատանքային օր չէ։ 2000 թվականի Առաջին Հանրապետության օրը կիրակի էր։ Փողոցներում տրամադրությունն այսպիսին էր։ Ազատության հրապարակում երկու Բուհերի պատմության ֆակուլտետների ուսանողների կազմակերպված մի տոնակատարություն ավելի էր ընդգծում մարդկանց անտարբերությունն օրվա հանդեպ։ 2001-ի մայիսի 28-ին Սարդարապատում պետության առաջին դեմքերն իմաստավորում են առաջին հանրապետության երկու տարին։ Ռոբերտ Քոչարյան ասում է, որ անկախանալու ձգտումը ձեւավորվել է առաջին հանրապետության տարիներին։ Երրորդ հանրապետությունն, ըստ Քոչարյանի, անկախությունից 10 տարի հետո էլ դեռ կայանալու տեղ ունի։ Նույն օրը Հայաստանում փորձում են կյանքի կոչել արշավագրավը՝ տոտալիզատորը։ Այս դեպքում մարդիկ խաղագումար են դնում ձիրաշավի մասնակից ձիերի վրա։ Ենթադրվում է, որ դա Հայաստանը կդարձնի զբոսաշրջության համար գրավիչ։  2007-ի մարտի 27-ի լույս 28-ի գիշերը հրդեհվում է ՀԺԿ-ի Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղարի բնակարանի դուռը։ «Բերել են դիտավորյալ պակրիշկա են դրել, վառել են, սալյարկա են լցրել դռանս վրա, վառել են», - ասում է Լարիսա Փարեմուզյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու էր թիվ 31 ընտրատարածքում: 2008-ի այս օրը Սարդարապատում Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է անում կանգնել մինչեւ վերջ։ «Չպիտի հոգնեք։ Պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք նպատակին: Սա իմ խնդիրը չէ: Բացարձակապես իմ խնդիրը չէ, ինձ համար չէ: Ինչ որ անելու եք, ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք, մենք շատ փորձանքների կգանք… Կանգնեք մինչեւ վերջ»,-կողմնակիցներին հորդորեց Տեր-Պետրոսյանը։ 2009-ի այս օրը մարտի 1-ի գործը քննող դատարանն անելանելի դրության մեջ է՝ բոլոր վկաները հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից։ Մեղադրող կողմը միջնորդում է դադարեցնել վկաների քննությունը։ Նույն օրը Երեւանի ավագանու ընտրություններից մասնակցող Դաշնակցության քարոզարշավին մասնակցող երգահան Ռուբեն Հախվերդյանը որոշ տարակուսանք է հայտնում կուսակցության նախընտրական կարգախոս դարձած իր՝ «Սա Երեւանն է» երգի բառերի մասով։