Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի

Հասարակություն
vardan11

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։ Տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման հետ կապված բանակցությունները չեն ստացվել։ Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանի պաշտպանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալը պատրաստ է հոգալ Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերն ամբողջությամբ։ «Ընդունելով Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ մենք ընդամենը գրավոր կերպով պահանջեցինք, որ բուժման վերաբերյալ պայմանագիրը լինի եռակողմ՝ տուժող Տաթեւիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի եւ բուժհաստատության միջեւ՝ գլխավորապես նրա համար, որ Տաթեւիկ Հակոբյանը եւս հանդիսանա պայմանագրի կողմ, ձեռք բերի համապատասխան իրավունքներ։ Վարդան Պետրոսյանին գրավոր առաջադրել էինք նաեւ, որ նա պետք է հոգա Տաթեւիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերը, մինչեւ նրա լրիվ ապաքինումը»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը։ Նրա խոսքերով՝ նաեւ առաջարկել էին, որպեսզի վերականգնողական բուժումն իրականացվի GOLDS GYM-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաթեւիկ Հակոբյանը ներկայումս սովորում եւ աշխատում է, ուստի վերականգնողական բուժումը պետք է իրականացվի ժամը 18.00-ից հետո։ «Համոզված էինք, որ մեր առաջարկը Վարդան Պետրոսյանի համար ընդունելի կլինի եւ սպասում էինք դրական պատասխանի։ Ցավոք սրտի, Վարդան Պետրոսյանի պաշտպանը մեր առաջարկը բացասաբար ընդունեց եւ նրա կողմից մամուլով հնչեցին միայն քննադատություններ։ Փաստորեն ստացվում է, որ Վարդան Պետրոսյանի այս առաջարկը եւս ընդամենը ֆարս էր։ Սրանով Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը փորձում էր հանրությանն ապացուցել, որ տուժող կողմին ընդամենը կանխիկ գումար է պետք։ Երբ խոսքը հասավ իրական բանակցություններին, Վարդան Պետրոսյանն՝ ի դեմս իր պաշտպանի, խույս տվեց առանց որեւէ նախապայմանների, Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալուց»,- ավելացրեց փաստաբան Ռուբեն Բալոյանը։ Տաթեւիկ Հակոբյանի վերականգնողական բուժման համար տուժող կողմը պահանջել էր 7 մլն 830 հազար դրամ։ Տուժող կողմը, Ռուբեն Բալոյանի խոսքերով, պատրաստվում էր հրաժարվել նաեւ գումարային պահանջից։ Հիշեցնենք, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանի դատապարտել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Դեպքը տեղի էր ունեցել 2013 թ հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։