Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 27-ի օրերը. «Երբեք չպարտվելու զգացողություն ունեմ». Վազգեն Խաչիկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

ԵՊՀ ուսանող Վազգեն Խաչիկյանը որպես ԲՈՒՀ-ի արհմիութենական կոմիտեի ղեկավար զբաղվում է հայրենասիրությամբ։ 1998-ի մայիսի 27-ին նա եւ համալսարանի մի քանի ուսանող Եռաբլուրից էստաֆետյան վազքով մի բուռ հող են բերում համալսարանի թանգարանին հանձնելու համար։ Հրադադարից 4 տարի հետո Խաչիկյանը մարտական է տրամադրված: 1998-ի այս օրը Ազգային Ժողովը քննարկում է Ընտրական օրենսգրքի մի քանի տարբերակ։ Ընտրական օրենսգրքի իր տարբերակն է մտադիր առաջարկել նաեւ «Երկրապահ» պատգամավորական խումբը։ 1999-ի այս օրը ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նախընտրական շրջանի վերջին ասուլիսում ասում է, որ անկախ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներից, մտադիր չէ նախարարական որեւէ պորտֆել վերցնել, թեպետ խորամանկության ժամանակներ են։ Նույն օրը նույն սրահում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հերքում է իր կուսակցության եւ Սերժ Սարգսյանի միջեւ կապը։ Բաղդասարյանը հերքում է նաեւ ընտրական հանձնաժողովներում ՕԵԿ-ի աջակցությունը կառավարության եւ «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչներին՝ ինքը իշխանության մարդ չէ, իր կուսակցին Արագածոտնում ծեծել են։ Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 1999-ի այս օրը քննում է թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ավետիք Իշխանյանի հայցն ընդդեմ Աջափնյակի թաղապետարանի։ Թեկնածուի ընտրատարածքում զորամասերի քվեարկություն չի նախատեսվել, սակայն քվեարկել է երկու զորամաս։ Թաղապետարանի պատճառաբանությունն է՝ ընտրողների թիվը քիչ էր, լրացրեցինք զինվորներով։ Նույն օրը թիվ 12 ընտրատարածքի ընտրողները բողոքում են Կենտրոնի թաղապետարանից՝ Կոնդի մոտ 600 ընտանիք դուրս են թողել ընտրացուցակներից եւ ընդգրկել այդ կողմերում չապրող այլ ընտրողների։ Կոնդեցիները մեղադրում են թաղապետ Արարատ Զուրաբյանին՝ նա էր պատասխանատու ցուցակների համար։ Ցուցարարները շարժվում են ԿԸՀ, որտեղ նրանց հանգստացնում են ընտրացուցակները հրապարակելու խոստումով։ 2000 թվականի մայիսի 27-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավաքել է մեկ տարի առաջ ձեւավորված հարկադիր ծառայության աշխատողներին եւ նրանց հետ խոսում է մարդու իրավունքներից։ Նախարարը զգուշացնում է՝ մարդու իրավունքները մեր առաջնահերթ խնդիրներից են։ 2002-ի այս օրը «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովը դադարեցրեց գործունեությունը։ Հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը կատարած աշխատանքը համարում է բավարար: «Այնպիսի փաստեր հայտնաբերեց հանձնաժողովը, որ յուրաքանչյուր նախաքննական մարմին կերազեր, - ասում է Կոստանդյանը: - Օրինականության կոպիտ խախտումներ եղել են նախաքննության պրոցեսում»: 2003-ի այս օրը Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը պնդում է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Այս ընտրությունները հերթական հիասթափեցնող եւ խայտառակ ընտրություններն էին»,-ասում է պարոն Դեմիրճյանը։ Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է որ դաշինքը բոյկոտի դիմի եւ չգնա խորհրդարան, Դեմիրճյանը պատասխանեց. - «Կքննարկենք»: 2009-ի այս օրը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու է։ Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը պարոն Տեր-Պետրոսյանը ընտրողներին հիշեցնում է իրենց իրավունքները։ Նույն օրը երեւանցիների հետ հանդիպող ԲՀԿ առաջնորդը շրջապատված է իրենց խնդիրներից բողոքող քաղաքացիններով։ Այնուամենայնիվ, նա դժգոհում է երեւանցիներից՝ պահանջկոտ չեք։