Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 26. Արամ Կարապետյանը՝ ամբաստանյալի աթոռին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1998-ի մայիսի 26-ին Հայաստանում է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ Նա ասում է, որ Ամերիկան այլեւս չպետք է պնդի Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի մաս կազմելը։ Ըստ Փալոնի, Ամերիկան պետք է ուսումնասիրի Ղարաբաղի առաջարկը Ադրբեջանի հետ հորիզոնական հարաբերություններ հաստատելու մասին։ 2001-ի մայիսի 26-ին Հայաստանում Ազգային Ժողովրդավարական բառերով սկսվող երրորդ քաղաքական ուժն է ձեւավորվում։ Արշակ Սադոյանից հետո Վազգեն Մանուկյանից պոկվել է Ազգային Ժողովրդավարական կուսակցության հիմնադիր Շավարշ Քոչարյանը։ Նա քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը։ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը 2001-ի այս օրը աբսուրդ է որակում Ազգային Ժողովում հոկտեմբերի 27-ի գործով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովը։ Նա նաեւ չի հասկանում այն մարդկանց, ովքեր փորձում են աչքի ընկնել հոկտեմբերի 27-ի հիմնական մեղադրյալ Նաիրի Հունանյանի հասցեին ամենասուր որակումներով։ Չի հասկանում նաեւ բռնության այն մեթոդը, որով նրանից փորձում են ինքնախոստովանություն կորզել։ Նույն օրը Հայաստանում սկսվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը, թեպետ նա երկու օր է, ինչ Հայաստանում էր։ Երկու երկրների նախագահներն այդ օրը ստորագրեցին բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր, ինչպես նաեւ կրթության եւ արդարադատության նախարարությունների միջեւ համագործակցության համաձայնագիր։ 2006-ի այս օրը Ազգային Ժողովի միջանցքներում խոսում են այն մասին, որ «Օրինաց երկիր» կուսակցությունից պատրաստվում են դուրս գալ համանուն խմբակցության պատգամավորներ Սամվել Բալասանյանը եւ Գագիկ Մխեյանը։ 2008-ի այս օրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով փոխվում է Ազգային անվտանգության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։ Կարապետյանը մայիսի լույս 16-ի գիշերը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, եւ նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն։ Ամբաստանյալը մեղադրվում էր սուտ մատնության հոդվածով, որում իրեն մեղավոր չի ճանաչում: 2008-ի այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժում է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:  Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ասում է, որ նշված խորհրդի ձեւավորման աշխատանքային խմբում ընդգրկվելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն` երբ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, չեղյալ հայտարարվեն հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, անկախ հետաքննություն իրականացվի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: 2008-ի մայիսի 26-ին հայտնի է դառնում, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ զինվորական կոմիսարին ցուցում է տրվել կազմակերպել ազատազրկման դատապարտված եւ իրենց պատիժը կրած «Եհովայի վկաներին» ՀՀ ԶՈՒ պահեստազորում հաշվառելու եւ զինգրքույկ տրամադրելու գործընթացը։ Այդ կապակցությամբ նախարարին էր դիմել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ 2011-ի մայիսի 26-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները Նիկոլ Փաշինյանի հայտնի կարգախոսով մայրաքաղաքում իրականացնում են մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի իրազեկում։ Սպասվում է, որ այդ օրը հրապարակում ելույթ է ունենալու դեռեւս բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանը։ 2011-ի այս օրը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային Ժողովում ներկայացնում է Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված Համաներման մասին օրինագիծը։ Մինչ այդ խոսվում էր, որ օրինագծով բանտերից դուրս են գալու նախ 2008-ի նախագահի ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմադիրները։ Պարոն Թովմասյանն ասում է, որ շատերի ազատ արձակումը մեզ կօգնի ազատվել անցյալի տխուր իրողություններն ամեն օր հիշելու տխուր իրողությունից։