Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Ծառուկյանի փեսա. «Կոտայքի մարզը ՀՀ-ից անջատվա՞ծ է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Karapet-Guloyan

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե ինչ զգացում ուներ փետրվարի 12-ին, երբ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վիրավորում էր իր աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին. «Ոչ մի քաղաքական հարց ինձ չտաք»։ Ես ձեզ տալիս եմ մարդկային հարց՝ «Ա1+»-ի լրագրողի դիտարկմանն ի պատասխան մարզպետն ասում է. «Ես ապաքաղաքականացված եմ։ Վերջ»։ Գագիկ Ծառուկյանն, ըստ նրա փեսայի, քաղաքականության մեջ չկա։ Բայց այդ դեպքում նրա ինչի՞ն է պետք Ազգային ժողովի պատգամավորի քաղաքական մանդատը. «Իսկ դուք գիտե՞ք, որ իր սահմանադրական իրավունքն է՝ ինքը որոշի ինչով զբաղվի եւ ինչով չզբաղվի»։ Այդ ապաքաղաքական անձը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կոնկրետ անձի է պաշտպանում եւ հայտարարում այդ մասին։ Դա ապաքաղաքական մարդու գործը չէ. «Ուղղակի Ծառուկյանը որպես մեծամասնական պատգամավոր իր դիրքորոշումն է արտահայտել։ Իրավունք ունի՞, թե ոչ»։ Փեսան համաձայն չէ, որ Հանրապետական կուսակցությունը Կոտայքի մարզը հանձնել է այդ տարածքից պատգամավոր դարձած Գագիկ Ծառուկյանին՝ դա ի՞նչ ասելու բան է. «Ի՞նչ ա նշանակում... Այսինքն, Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետությունից անջատվա՞ծ է»։ Այսօր պարզվում է, որ Կոտայքի մարզը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի՝ դպրոցաշինություն, ճանապարհներ։ Դրանք Ծառուկյանի գործը չեն։ Ի դեպ, փեսան հաճելիորեն զարմացավ, երբ նկատեցինք, որ իր խոսելու ոճը շատ նման է Գագիկ Ծառուկյանի ոճին։