Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ բակում շատացել են «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7f1d44436a7ff80261b914f0474462a5

ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին ԱԺ բակում վերջերս հայտնված մի քանի «Ջիպ» մակնիշի մեքենաների մասին: Նա նաեւ հետաքրքրվեց շինարարական ծախսերի մասին, որի համար նախատեսված գումարը նախորդ տարի ամբողջովին ծախսվել է:  Հրայր Թովմասյանը նշեց, որ անցած տարի ընդամենը մեկ մեքենա է ձեռք բերվել՝ ԱԺ նախագահի համար, այլ մեքենաներ ձեռք չեն բերվել: Իսկ ԱԺ աշխատակազմի թիվը 123 է. «2013թ. ունեցել ենք 70-ից ավելի պայմանագրային աշխատող, դրանց մի մասը՝ 16-17 անձ, անցած տարի հաստիք է ստացել, մնացածը կրճատվել են: Իսկ շինարարական աշխատանքներն իրականացվել են ԱԺ Բաղրամյան, Դեմիրճյան մուտքերի ու աստիճանների ամբողջական հատվածի վերանորոգման համար: Մենք ունենք եւս 18-20 մլն դրամ, որ այդ աշխատանքները շարունակվեն: Վերանորոգելու ենք նաեւ ԱԺ սանհանգույցները»: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ մեր նման երկրի համար ծայրահեղ դեպքում պետք է նման ծախսեր անել: Նա կրկնեց իր հարցը՝ ում եւ ինչի համար են գնվել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները: Հարցը բարկացրեց Հրայր Թովմասյանին: Նա հայտարարեց, որ այս տարվա տվյալները չունի. «Հարգելի պատգամավորներ, դուք եք հաստատել բյուջեն, որտեղ նշված են, թե ինչ ծախսեր են լինելու: Ես չգիտեի, որ այս տարվա մասին էլ եք հարցեր տալու»: Մյուս բանավեճը տեղի ունեցավ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջեւ: Պարոն Մինասյանը նախ նշեց, որ Դավիթ Հարությունյանը ունի բազմամյա փորձ ԱԺ-ում ու երբ պատգամավոր էր, ինքը եւս միշտ բողոքել է Կառավարության թերի աշխատանքից. «Այժմ էլ անընդհատ խախտվում է ԱԺ կանոնակարգը, նախագահի հրամանագիրը՝ կառավարության ու նրա ենթակա այլ մարմինների գործունեության կարգը առ այն, որ ԱԺ պետք է ներկայացվեն նախագծեր ճիշտ ժամանակին ու բոլոր մանրամասներով»: Դավիթ Հարությունյանը համաձայն չէր այս դիտարկման հետ ու նրանց միջեւ լեզվակռիվ եղավ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ վարկային ծրագրերին՝ նշելով, որ այնտեղ նշված խորհրդատվական ծրագրերի համար ծախսվող գումարները կարող են ավելի խնայողական լինել ու նպատակային, եթե դրանք իրականացվեն տեղական ներուժի շնորհիվ. «Ես խոսել եմ ԳԱԱ երիտասարդ գիտնականների հետ, որոնք պատրաստ են այդ խորհրդարտվությունն իրենք իրականացնել։ Այդպիսով կլինեն հավելյալ աշխատատեղեր, ինչպես նաեւ՝ կկանխվի արտագաղթը: Բացի այդ, ես համամիտ եմ Արծվիկ Մինասյանի հետ, որ չպետք է ԱԺ ներկայացվեն ուրբաթ ուշ երեկոյան եկած նախագծեր, որ երկուշաբթի առավոտյան ԱԺ-ն ստիպված լինի քննարկել՝ հենց տեղում ծանոթանալով նախագծերին»: Խորհրդատվությունների հետ կապված Դավիթ Հարությունյանը ասաց, որ շատ հաճախ խորհրդատվություն բառը չի բնութագրում ծրագրի բուն էությունը. «Օրինակ՝ դպրոցաշինության ծրագրում խորհրդատվությունում նշված է նախագծումն ու վերահսկողությունը: Ես կողմնակից կլինեմ, որ ՀՀ կազմակերպությունները մասնակցեն դրան. երբեւէ չի պարտադրվում, որ հենց այս կամ այն կազմակերպությունը պետք է խորհրդատվություն իրականացնի: Դրանք կարող են լինել տեղական կամ միջազգային մրցույթով»: