Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ բնակչության ներկայիս տվյալներն ըստ ԱՎԾ պետի՝ հեռավոր 2011-ինն են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
08cf7aa8b0e7a04be03053fd034b91f3

Ազգային վիճակագրական ծառայության պետը Ստեփան Մնացականյանը նորմալ է վերաբերվում, որ լրագրողները չեն հավատում իր հրապարակած ցուցանիշներին. «Ձեր գործն է ամեն ինչ կասկածել։ Որովհետեւ եթե դուք դա չանեք, հասարակությունը առաջընթաց չի ունենա, ձեր հոգուն մատաղ»,-ասում է նա։ Ստեփան Մնացականյանը սակայն բոլոր հարցերի պատասխաններն ունի այս մինուճար թղթապանակում։ Եթե թղթապանակը չի կարող օգնել, ոչինչ չի օգնի, ասում է ԱՎՃ պետը. «Անցած տարվա թանկացումը որքան ազդեց գնաճի վրա։ Հոսանքի թանկացումը։ Ես հիմա չեմ հիշում»։ Ծառայության պետը չէր հիշում նաեւ, թե որքան է այս տարվա առաջին երեք ամիսների արտագաղթի ցուցանիշը։ Բայց կասի, թե որտեղից գտնել այն. «Հունվար մարտը սոցիալ-տնտեսական վիճակը առաջարկում եմ բացել Ժողովրդագրական ցուցանիշներ հատվածը եւ խնդրում եմ ժողովրդագրության 5-րդ բաժինը»։ Մնացած ամեն ինչը ծառայության պետի ձեռքի տակ է։ Օրինակ տնտեսական ակտիվության ցուցանիշը, ցույց է տալիս, խնդրեմ՝ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսների նկատմամբ այս տարի կազմել է 102 ամբողջ յոթ տասնորդական տոկոս։ Սակայն այդ դեպքում ինչու է նվազում մանրածախ առեւտուրը. «Ես չեմ կարող ասել, որովհետեւ պատճառի համար պետք է հետազոտություն անել, իսկ վիճակագրությունը զբաղվում է փաստագրմամբ»,-ասաց ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը»։ Սակայն տրանսվերտները 50 տոկոսով պակասել են, ներդրումների անկում կա, այս պայմաններում ինչպե՞ս է աճում տնտեսական ակտիվությունը։ Այստեղ արդեն ինքներս մեզ պետք է նայենք. «Այնքանով, որքանով մեզանից յուրաքանչյուրը ֆիզիկապես նույնական չէ, այդքանով գոյություն ունեն տարբերություններ ոչ միայն սեռատարիքային, ազգային, կրոնական, այլ նաեւ՝ հաճելի, տհաճ, տանելի, անտանելի։ Եվ կյանքը հենց դրանով է ամփոփվում։ Տնտեսական կյանքի մասնակիցները շատ են։ Մեկի մոտ հաջողություն է, մյուսի մոտ անհաջողություն, մեկի մոտ աճ է, մյուսի մոտ՝ անկում»։ Գուցե ավելի որոշակի իմանանք հանրապետության առկա կամ մշտական բնակչության թիվը 2014-ի դրությամբ։ Այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ, մշտականը՝ մի քիչ ավելի 3 միլիոնից, իսկ առկա բնակչության պարոն Մնացականյանի տվյալները հեռավոր 2011-ինն են «Մշտականի մեջ մինչեւ 1 տարվա բացակայողները ներառվում են, իսկ առկա մենք ստացել ենք միայն մարդահամարի տվյալները 2011-ին 2 միլիոն 870 հազար», ասում է նա։ Ի դեպ, ծառայության պետն իր ձեռքի տակ եւ մտքում ունեցած ցուցանիշներով չի կարող կանխատեսել, թե ուր է գլորվում Հայաստանը։ Դա իր գործը չէ. «Դուք էլ ինձանից լավ գիտեք, որ լավագույն դեպքում դուք կարող եք կանխատեսել ձեր ընթրիքը, եթե գիտեք ձեր սառնարանի պարունակությունը»։