Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 25-ի օրերը. Կոնյակի գործարանի սեփականաշնորհման ստորագրումից՝ ագռավների հարձակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1999-ի մայիսի 25-ին նախընտրական քարոզարշավի վերջին օրերն են, Արշակ Սադոյանը ժողովրդի մեջ է, «Շամիրամ» կուսակցությունը՝ միայն հեռուստաեթերում կամ՝ մամուլում։ «Միասնություն» դաշինքը զբոսնում է Երեւանի համայնքներով եւ խոսում երկրի խառը գործերից՝ ամեն ինչ դարձել է վինեգրեդ։ Դրա համար ոմանք պիտի պատասխան տան։ Նույն օրվա երեկոյան կառավարությունների ընդունելության տանը տեղի է ունենում կոնյակի գործարանի սեփականաշնորհման վերջնական ստորագրումը։ Ֆրանսիացիները գործարանի համար պատրաստ են վճարել 28 միլիոն դոլար։ Նախարարների հուզմունքը մեծ է. կոնյակով շնորհավորանքի փոխարեն շրխկում են շամպայնի բաժակները։ 2000 թվականի մայիսի 25-ին Երեւանում արտակարգ իրավիճակ է՝ արդեն երրորդ օրն է ագռավները հարձակվում են մարդկանց վրա, կտցում կատուների եւ շների աչքերը։ Կենդանաբանական ինստիտուտի կենդանիների թանգարանի տնօրենն ասում է, որ ագրեսիայի պատճառ կարող է լինել հիշյալ թռչունների անհանգստությունը՝ նրանց ձվադրման շրջանն է Քաղաքապետարանը դիմում է զենքի օգնությանը՝ ագրեսիվ ագռավները պետք է ոչնչացվեն որպես թափառող կենդանիներ։ 2000 թվականի այս օրերին Հայաստանում մոլեգնում է մոսկվացի գործարար Արկադի Վարդանյանի հանդեպ հույսը։ Հայ մտավորականներ են հավաքվել քննարկելու նրա ռուսերեն գիրքը անբարոյականության մասին։ Գրքով հիացողների մեջ են դերասան Սոս Սարգսյանը եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ 2000 թվականի այս օրը Հայաստան է   բերվում զորավար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի աճյունը։ Այն դրված է մարզահամերգային համալիրում, որտեղ աճյունը տեսնելու համար այցելուների մեծ պակաս կա։ Ենթադրվում է, որ այդ օրերին միանշանակ չէր վերաբերմունքը ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած հայ զորավարի հանդեպ։ Վարչապետ չդարձած Արտաշես Գեղամյանը 2000 թվականի մայիսի 25-ի համագումարում ծաղրում է նորանշանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ 2001-ի մայիսի 25-ին Հայաստանում են Հավաքական Անվտանգության Պայմանագրի Երկրների ղեկավարները։ Օրվա վերջում ՀԱՊԿ երկրների նախագահները հանդիպեցին լրագրողների հետ։ Ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձավ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների այն հայտարարությանը, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի։ Ըստ նրա, այսպիսի լավատեսության հիմքում Ռուսաստանի ջանքերն են, քանի որ հատուկ են Ռուսաստանի հարաբերությունները եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ 2005-ի այս օրը «Ինտերպոլի» աշխատակիցներն Իտալիայում ազատ են արձակում «Կիլիկիա» նավով շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած արձակագիր Զորի Բալայանին, որին նախորդ օրը ձերբակալել էին ադրբեջանական իշխանությունների պահանջով։ 2006-ի այս օրը Հայկ Բաբուխանյանի խմբագրած «Իրավունք» շաբաթաթերթը դիմում է գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցելու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դեմ։ Վերջինս Ազգային Ժողովում վիրավորել էր թերթի թղթակցին։ 2009-ի այս օրերին Երեւանում սպասվում են ավագանու ընտրություններ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը չի բացառում, որ մարզերից ընտրություններին մասնակցելու համար զինվորականներ կբերվեն։ 2012-ի մայիսի 25-ին արդեն իշխանության մեջ գտնվող ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել երկրի ղեկավարման պատասխանատվությունը այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կոալիցիայի մաս չի կազմելու։