Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում սև խավիարի արտադրության համար վերջին աշխատանքներն են ընթանում

Տնտեսություն
ara

Արցախի Հանրապետության  վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ և ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին: Արայիկ Հարությունյանը նախ այցելել է Թալիշի և Մատաղիսի դաշտեր, որտեղ  մշակում է իրականացվում նաև կոոպերացիոն սկզբունքով: Ծանոթանալով աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում կատարված աշխատանքներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ընթացիկ արդյունքներից: Ա. Հարությունյանը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ տեղում տալով համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ: Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաև Մատաղիսում շվեյցարահայ գործարարի միջոցներով կառուցվող՝ սև խավիարի արտադրության համար նախատեսված ձկնաբուծարանում, որտեղ ձկնկիթի առաջին խմբաքանակն ընդունելու համար վերջին աշխատանքներն են կատարվում: «Շուտով կմեկնարկի Արցախի տնտեսության հավակնոտ ծրագրերից մեկը, որն ընդգրկելու է տասնյակ միլիարդավոր դրամ ներդրումներ: Հատկանշական է, որ նմանատիպ խոշոր ծրագիրը կառավարության աջակցությամբ իրագործվում է սահմանամերձ բնակավայրում՝ խթանելով շրջակա գյուղերի արագ և կայուն զարգացումը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Վարչապետին ուղեկցում էին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության»  հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին