Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում բնակարանաշինությունը դադարեցված է. նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
narek

«Գլենդել Հիլզը» չի սնանկացել, պարզապես նրա ու նրա հետ կապակցված այլ կազմակերպությունների գործառույթների կառավարումը այսուհետ կվերահսկվի կառավարության կողմից։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ այդ ընկերության կողմից իրականացվող շինարարությունները կշարունակվեն. «Բազմաթիվ կազմակերպություններ ու քաղաքացիներ հայցեր էին ներկայացնում դատարան, ու շատ հնարավոր է, որ ընկերության տարբեր գույքերի վրա լինի բռնագանձում։ Որպեսզի, օրինակ «Հին Երեւան» ծրագիրը զերծ մնա այդ խնդիրներից, այն այսուհետ կկատարի իրենց իսկ պատկանող մեկ այլ ընկերություն։ Ամբողջ հարցը սա է»։ «Ա1+»-ի հարցին, թե այդ դեպքում ինչ է լինելու Գյումրիում երկրաշարժից հետո անօթեւան մնացած մարդկանց բնակարանային հարցը, քանի որ այնտեղ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ նույնպես զբաղվում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը, նախարարը պատասխանեց. «Այնտեղ կիսակառույց մնացած մի քանի շենքեր նախարարությունը վերցրել է իր տիրույթ։ Եվ մենք փոխել ենք մեր ռազմավարությունը, ես չեմ թաքցնում՝ հենց ես էլ առաջարկել եմ, որ պետք չի էնտեղ շարունակել բնակարանաշինությունը։ Ավելի ճիշտ է մենք տանք գումար այդ մարդկանց՝ վկայագրերի ձեւով, բնակիչները այդ գումարով ավելի էժան բնակարան ձեռք կբերեն»։ Ինչ վերաբերում է ընկերությանը պատկանող մյուս շինարարություններին, Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ դրանք էլ վտանգված չեն. «Այս մեկ տարի է դադարել էր, հիմա գնացեք, նայեք, վերսկսվել է, Ֆիրդուսի շուկայի հարեւանությամբ գտնվող բնակիչների համար շենքի կառուցումը։ Իսկ Կառավարությունը մի քանի օր հետո կընդունի որոշում՝ տարածքի բաժնետոմսերի մասով»։ Նախարարը անդրադարձավ նաեւ որոշ բուհեր մայրաքաղաքից Գյումրի տեղափոխելու հարցին։ Ըստ նրա՝ դա կարող է դառնալ Գյումրու զարգացման ծրագրերից մեկը. «Գյումրին Հայաստանի խիստ տարբերվող քաղաքներից մեկն է, որն իրավունք ունի ունենալ մայրաքաղաքային ֆունկցիա։ Բոլորս գիտենք, որ ամեն ինչ ամբողջությամբ կենտրոնացնել Երևանում չի կարելի, քանի որ դա խանգարում է այլ քաղաքների զարգացմանը։ Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտից հետո, ամենաշատը 50 րոպե կտևի Երևան- Գյումրի ճանապարհը»։ Սակայն ինչ վերաբերում է արդեն բուն ծրագրի իրագործմանը, Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ դա արագ լինող ու հեշտ ծրագիր չէ, նրա պնդմամբ՝ առանց հարցը լրջորեն քննարկելու, որևէ բան չի իրականացվելու. «Ես կոչ արեցի մեր ընկերներին, որ այսօրվանից նախապատրաստվենք Գյումրու զարգացման ծրագրեր քննարկելուն, քանի որ մինչև 2016-2017թթ-ը մենք կավարտենք աղետի գոտում հաշվառված, երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը։ Բազմաթիվ առաջարկներ կան, որոնք դեռ կքննարկվեն եւ առաջարկներից մեկն էլ այն էր, որ մի քանի բուհ Երեւանից տեղափոխենք Գյումրի։ Խոսքը, սակայն, բոլոր բուհերի մասին չէ։ Մեկ կամ երկու բուհ էլ, ըստ առաջարկի, պետք է տեղափոխել Աբովյան քաղաք»։