Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թալանից 161 միլիոն դրամ՝ գործուղումներին». ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
unnamed313

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն այսօր փողոց էին դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Դաշնակցական երիտասարդները Կառավարության շենքի մոտ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին «զերծ մնալ ապօրինություններից և չթանկացնել էլեկտրաէներգիան»։ Երիտասարդները «Թալանից 161 միլիոն դրամ՝ գործուղումներին», 3 անգամ թանկացրել եք, որ ի՞նչ անեք» եւ նմանատիպ այլ ցուցանակներով ու կոչերով Կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Չնայած երթի մասին հայտարարվել էր նախօրոք, ոստիկանության ներկայացուցիչները չէին ուղեկցում այն, ինչպես սովորաբար տեղի է ունենում երթերի ժամանակ։ «Սա առանձին պայքար չէ, միանալու ենք բոլոր այն նախաձեռնություններին ու ակցիաներին, որոնց նպատակը կլինի հոսանքի»,- հայտարարում են ակցիայի մասնակիցները։ «Մենք պահանջում ենք, որ ՀԷՑ-ի վատ կառավարման, իրականացված անփութությունների պատճառով չթանկացնեն հոսանքը, առաջացած պարտքերը չփաթաթեն ժողովրդի վզին։ Մեկ տարվա մեջ հոսանքի 60%-ով թանկացումն աբսուրդ է, սա կնպաստի սոցիալական վիճակի լարմանը Հայաստանում, ինչը կհանգեցնի նաև արտագաղթի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Մեսրոպ Եսայանը։ Վերջինս կոչ արեց նաև Ոստիկանությանը՝ արձագանքել Երվանդ Զախարյանի հայտարարությանը, թե ՀԷՑ-ում տեղի են ունեցել խոշոր չարաշահումներ և հայտնաբերել մեղավորներին։ Դաշնակցական երիտասարդները մոտեցան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքին, որտեղ նրանց մոտեցավ Հանձնաժողովի երկու անդամ։ Երիտասարդները ՀԾԿՀ-ին փոխանցեցին իրենց պահանջներն ամփոփող նամակը։ Խոստացան ուսումնասիրել այն և պատասխանել։ Լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք երիտասարդ դաշնակցականները մայիսի 27-ին լինելու են Ազատության հրապարակում՝ այլ ուժերի հետ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու համար, նրանք պատասխանեցին, որ միանալու են այդ և հաջորդող օրերին տեղի ունենալիք ակցիաների ու բողոքի գործողություններին, որոնք կունենան այդ նպատակը։