Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 30-ին Ազատության հրապարակում կկիրառվի նաեւ հակագրոհի մարտավարությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
preparliament

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներն այսօրվա հրավիրած ասուլիսում շնորհակալություն հայտնեցին   իրենց համակիրներին, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին, որ իրենց շնորհիվ են նաեւ այսօր ազատության մեջ։ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը ավելացրեց, որ ռեժիմին չհաջողվեց իրենց շարժումը մարել, չնայած իրենք գործով որպես մեղադրյալ են անցնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Չուքասզյանը նշեց, որ շարժումը ձեռք է բերել ավելի մեծ հեղինակություն։ «Իհարկե, մեզ չհաջողվեց ռեժիմին ծնկի բերել, ռեժիմն էլ մեզ ծնկի չբերեց»,- ավելացրեց նա։ Ռեժիմի փոփոխության հասնելու համար Հիմնադիր խորհրդարանը համագործակցելու է ամենատարբեր ուժերի հետ, սակայն մեկ բացառությամբ. «Այն ուժերի հետ ենք համագործակցելու, ովքեր մեղսակից չեն եղել 2008 թ մարտի 1-ի դեպքերին։ Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցենք, բայց Տիգրան Ուրիխանյանի հետ չի ստացվի»,- ավելացրեց Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ անցանկալի էր իրենց ձերբակալելը, սակայն ձերբակալել են՝ հույս ունենալով, որ որպես պատանդ կազդեին պայքարող ընկերներին վրա։ «Նրանց հաջողվեց խափանել մոբիլիզացիան, քանի որ մենք անազատության մեջ էինք, բայց չհաջողվեց խափանել մեր առաջընթացը»,- ավելացրեց Ժիրայր Սեֆիլյանը։ Իսկ Գեւորգ Սաֆարյանն էլ կոչ ուներ մեր երիտասարդությանը։ Նրա խոսքերով՝ եթե երիտասարդությունը կարողանում է արագ հավաքվել որեւէ համերգի համար, ապա պետք է արագ հավաքվել հայրենիքը փրկելու համար. «Կարելի է հաճույքներից մի քանի ամիս կամ մեկ տարի զրկվել»։ Գեւորգ Սաֆարյանը նկատի ուներ Քանյե Ուեսթի՝ Կարապի լճի մոտ եւ System of a down խմբի Հանրապետության հրապարակում կայացած համերգները, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Անդրադառնալով մայիսի 30-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին՝ Հիմնադիր խորհրդարանի անդամները նշեցին, որ կիրառելու են նաեւ հակագրոհի մարտավարությունը, սակայն այլ մանրամասներ նախընտրեցին չբարձրաձայնել։ Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, հանրաքվեն տապալված է. «Սերժը ինքը տապալված է»,- եզրափակեց նա։