Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքին պարտքի հարցում կարմիր քարտի զգուշացման փուլում չենք, այլ՝ դեղին քարտի

Տնտեսություն
janjughazyan

ԱԺ-ում «2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր արտաքին պարտքի մեծությունն ու ռիսկայնությունը. «Ո՞րն է այն սահմանը, որ կարող ենք խոսել ռիսկայնության մասին: Արտաքին պարտքը մեծ է, սակայն կառավարությունը նորանոր վարկեր է վերցնում»: Գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ կա մի սահման, որը նախատեսում է, որ դրանից հետո ավելի զգուշավոր քաղաքականություն պետք է վարել. «Դա պարտք-ՀՆԱ հիսուն տոկոս հարաբերակցությունն է՝ հաջորդ տարիների համար ՀՆԱ-դեֆիցիտ երեք տոկոս սահմանաչափը չխախտելու պայմանով: Եթե պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է վաթսուն տոկոսը, ապա դա ռիսկային է: Այս ցուցանիշը սահմանված է «Պետական պարտքի մասին» օրենքով՝ որպես ուղենիշ: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ոգեւորվենք ու նոր պարտքեր ներգրավենք: Առայժմ ռիսկային չենք, եթե այդպես գնահատեինք, ապա առաջինը մենք կլինեինք, որ կխոչընդոտեինք նման պարտքերի ներգրավումը: Ի դեպ, հաշվետու տարում պարտքի ծավալը նվազել է»: Նաիրա Զոհրաբյանը մեկ եզրահանգման եկավ նրա խոսքից. «Ստացվում է՝ կարմիր քարտի զգուշացման փուլում չենք, այլ դեռ միայն դեղին քարտի: Վարկային նոր ռեսուրսների ներգրավման արդյունավետության հետ կապված ԱԺ-ն մտահոգություն ունի: Օրենսդրական մակարդակով այն պետք է քննարկվի, քանի որ յուրաքանչյուր վարկ մեզ մոտեցնում է պարտքի մեծացմանը»: Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց նրան. «Պարտք տվող երկիրը՝ որպես կանոն, հաշվել կարողանում է: Դրա վառ ապացույցը մեր պարտատոմսերի թողարկման ցուցանիշն է: Եթե չունենայինք վարկունակության նորմալ ցուցանիշ, ապա չէինք ունենա վարկի տրամադրում»: Նա ընդգծեց, որ նվազագույնի, զրոյի են հասցնելու խորհրդատվական ծառայությունները, կամ դրանք կիրականացվեն դրամաշնորհային միջոցներով. «Խորհրդատվական ծրագրերում հիմնականում ներառվում են այնպիսի ծառայություններ, որոնք մեր օրենսդրությամբ չկան, օրինակ՝ նախագծային ծրագրերը, որոնք, սակայն, վարկային ծրագրերով պարտադիր են: Որոշ դեպքում այդ խորհրդատվություններն անփոխարինելի են, ու մեր ներքին ռեսուրսները բավարար չեն»: