Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հեռացավ՝ առանց բյուջեի կատարողականը ներկայացնելու

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hovik

ԱԺ-ում այսօրվանից մեկնարկել են «2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ անցած տարի գործազրկության 1.4 տոկոս աճ է եղել՝ կազմելով 16.7 տոկոս: Ըստ նրա՝ 2014թ. առաջին երեք եռամսյակներին տնտեսական աճը կազմել է 5,3%, սակայն տարեվերջին տեմպն էապես դանդաղել է և տարեկան աճը կազմել է 3,4%՝ արտաքին պահանջարկի տեմպերի դանդաղեցման, փոխարժեքի արժեզրկման, Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կրճատման ազդեցությամբ: 2014թ. միջին գնաճը կազմել է 3.0%: Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների շուրջ 6.9% աճ, ծախսերի գծով` 8.1% աճ:  ՀՆԱ-ն աճել է 3.4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Պարոն Ջանջուղազյանի ներկայացրած տվյալներով՝ տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերը՝ համապատասխանաբար 2.2 և 1.5 տոկոսային կետով: Շինարարությունը 0.4 տոկոսային կետով բացասական է ազդել տնտեսական աճին, իսկ արդյունաբերության նպաստումը ՀՆԱ աճին եղել է զրոյական: Ի դեպ, քննարկմանը ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն չներկայացրեց բյուջեի կատարողականը, այլեւ հետնամուտքով հեռացավ ԱԺ-ից: Սա այն դեպքում, երբ նախորդ տարի բյուջեի կատարողականն անձամբ չներկայացնելը նա պատճառաբանել էր, թե նոր է նշանակվել վարչապետ ու հետեւաբար չի կարող համապարփակ ներկայացնել բյուջեի կատարողականը: Այս տարի որեւէ պատճառաբանություն չեղավ: