Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնդիրները լուծելու փոխարեն, փորձում են գնալ դրանց բթացման ճանապարհով

Հասարակություն
994771790c3dc1037e79fc2780bdcf86

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հավաստմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում անհամեմատ շատացել է ծխողների թիվը։ Կանանց շրջանում ցուցանիշն աճել է 3-ից 6%-ով, իսկ տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կազմում է 50%-ից ավել։ Ընտանեկան բյուջեի 8-9 %-ն էլ տարեկան ծախսվում է ծխախոտի վրա, որը պայմանավորված է նաև ծխախոտի գնի թանկացմամբ։ Սոցիոլոգը ստեղծված պատկերը ի թիվս մի շարք այլ հանգամանքների, բացատրում է նաև բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ։ «Ծխելը համարվում է նաև սոցիալական հիվանդություն։ Մարդիկ իրենց կենսական խնդիրները լուծելու փոխարեն, փորձում են գնալ դրանց բթացման ճանապարհով, ինչն էլ իր հերթին ապահովում է նիկոտինը, որը նրանք օրական այդքան կլանում են։ Ինչքան երկիրն աղքատ է, այնքան դրա բնակչության ծխողների թիվը շատ է»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը։ «Ա1+»-ի այն դիտարկմանը, թե ծխողների թվով Հայաստանն աշխարհում որերորդ տեղն է զբաղեցնում, սոցիոլոգը դժվարացավ պատասխանել՝ նշելով միայն, որ այդ հարցի հետ կապված կան միջազգային ուսումնասիրությունների տարբեր տվյալներ։ Այս համատեքստում, սակայն, բանախոսը նկատում է, որ ծխելը թողնելը չպետք է լինի միանգամից, այլ աստիճանաբար՝ օրեցօր քչացնելով ծխախոտի գլանակների թիվը, քանի որ ծխելը կտրուկ թողնելը վատ է անդրադառնում առողջության վրա։ Սակայն բժիշկները համաձայն չեն վերոնշյալ տեսակետի հետ։ Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը հակադարձում է ասվածին՝ պնդելով, որ ծխելը պետք է թողնել միանգամից, առաջին հերթին դրսևորելով կամքի ուժ։ «Ծխախոտն անմիջական կապ ունի քաղցկեղի առաջացման հետ։ Թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի քաղցկեղով հիվանդ մարդկանցից յուրաքանչյուր 2-րդը կամ 3-րդը ծխում է, իսկ նիկոտինն ու խեժն այնպիսի նյութեր են իրենց մեջ պարունակում, օրինակ ինչպես բենզապիլինը, որը միանգամից նպաստում է քաղցկեղածին բջիջների ակտիվացմանն ու արագ տարածմանը օրգանիզմում»,-շեշտեց պարոն Քոչարյանը՝ չկիսելով նաև տարածված այն կարծիքը, թե թույլ նիկոտինով ծխախոտներն այդքան էլ վնասակար չեն։ «Նիկոտինի թույլ կամ ուժեղ լինելը չի կարող որևէ կերպ նվազեցնել այն վնասակար նյութերի ազդեցությունը, որոնք ծխող մարդկանց մոտ առաջանում են դրա հետևանքով ՝ հետզհետե տանելով առողջության վատթարացման»,- ասաց նա։ Բժիշկ-ռադիոլոգ Գայանե Հովակիմյանն էլ խիստ բացասական է գնահատում հղի կանանց և կերակրող մայրերի մոտ ծխելու վատ սովորությունը ։ Նշում է՝ հղիության ընթացքում ծխող կանայք պտղի ներարգանդային կյանքում նրան դարձնում են պասիվ ծխող, իսկ կանցերոգեն նյութերը նպաստում են երեխայի հիվանդ ծնվելուն՝ դաունի համախտանիշ, ռախիդ, մարմնի ոչ ամբողջական ձևավորում և այլն։ Իսկ կերակրող մայրերն էլ կաթի միջոցով են փոխանցում բոլոր այն հիվանդությունները, որոնք ծխելու հետևանքով առաջացել է մոր մոտ, երեխային էլ վաղ տարիքից դարձնելով հիվանդությունների թիրախ։ Տիկին Հովակիմյանը խորհուրդ տվեց հղիությունից առնվազն 2 տարի առաջ թողնել ծխելը։