Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ահաբեկչությունները կշատանան հատկապես ամռանն ու աշնանը»

Քաղաքականություն
palmira

Սիրիական Պալմիրա քաղաքի գրավումը իսլամիստ ահաբեկչական խմբավորումների կողմից, արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ ՝ մի քանի ուղղություններով ունենալու է իր բացասական հետևանքները։ «Բացի այն, որ Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որպես պատմամշակութային հնագույն արժեքների քաղաք, այն ունի նաև ռազմավարական կարևոր նշանակություն։ Այս քաղաքը տրանսպորտային և գազային հանգույց է։ Այստեղից 3 ուղղությամբ գազամատակարարում է իրականացվում սիրիական տարբեր տարածքների։ Այսինքն՝ սա հանգեցնելու է նաև էներգետիկ ճգնաժամի»,-շեշտում է արաբագետը։ Վերջինիս խոսքերով՝ Պալմիրային սպառնում է այն ճակատագիրը, որն ունեցավ Մոսուլ քաղաքը՝ պատմամշակութային կոթողների ոչնչացում։ «Իսլամական պետությունը առաջիկայում, երբ որ աշխարհին ցուցադրելու նոր բան չգտավ, սկսելու է աստիճանաբար և անխնա վերացնել բոլոր այն կոթողները, որոնք կան Պալմիրայում»։ Միջազգային հանրության վրա հույս դնելն արաբագետը միամտություն է համարում։ Նրա կարծիքով՝ այն իրավիճակը, որն այժմ տիրում է ոչ միայն Պալմիրայում, այլև առհասարակ ողջ Սիրիայում, Արևմուտքին ձեռնտու է։ Այս համատեքստում պարոն Պետրոսյանը նկատում է՝ Արևմուտքն օգտվելու է սրանից՝ եթե ոչ ասադական վարչակարգն ամբողջությամբ վերացնելու համար, ապա այն աստիճանի թուլացնելու, որ շատ հարցերում Բաշար Ալ-Ասադը գնա քաղաքական զիջումների։ «Սիրիական կառավարական ուժերն այժմ բավականին թույլ դիրքերում են գտնվում, կարելի է ասել, որ ամբողջությամբ միայնակ են մնացել»,-ասում է նա։ Անդրադառնալով նաև Հալեպում տիրող իրավիճակին ՝ Արմեն Պետրոսյանը նշում է, որ այն վերահսկվում է սիրիական կառավարական ուժերի կողմից։ Սակայն նոր ահաբեկչություններն ու հարձակումները հալեպական տարբեր թաղամասերի, այդ թվում նաև հայաշատ համայնքների վրա , արաբագետը չի բացառում։ Նրա հավաստմամբ՝ ահաբեկչությունների թիվը կշատանա հատկապես ամռանը և աշնանը, քանի որ դա ռազմական գործողությունների ակտիվացման շրջան է համարվում։ «Ճշգրիտ տվյալներ չկան, սակայն Հալեպում այժմ մնացել է մոտ 18-ից 22.000 հայ։ Զանգվածային տարհանումներ իրականացնել հնարավոր չէ։ Այն բավականին մոտ է գտնվում ռազմական գործողությունների սահմանին ։ Միակ համեմատաբար ապահով ուղղությունը՝ Սիրիա- Լիբանան ճանապարհն է, որ հնարավոր լինի մարդկանց այդ ուղղությամբ տեղափոխել Լիբանան, սակայն հնարավոր է, որ դա էլ դառնա ահաբեկիչների թիրախ, քանի որ վաղ թե ուշ նրանք կիմանան դրա մասին»,-ասաց Արմեն Պետրոսյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ զանգվածային լքումը այդ տարածքներից սիրիական կառավարական ուժերի կողմից էլ մասամբ կդիտվի որպես հայերի տված խոստման դրժում՝ սիրիացիների կողքին լինելու և նրանց հետ պայքարելու առումով։ Միակ ճանապարհն ըստ արաբագետի՝ մեր իշխանությունների կողմից Բաշար Ալ-Ասադի հետ բանակցություններն են՝ խնդրի լուծման համար առարկայական ճանապարհներ գտնելու համար։