Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտածում են՝ ինչ հնարավոր է, ծախենք` դարձնենք բիզնես»

Հասարակություն
shirinyan

Բուհերը Երեւանից Գյումրի տեղափոխելը կրթական համակարգի համար կործանարար որոշում է. կարծում է ՀՊՄՀ էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ, բնապահպան Կարինե Դանիելյանը. «Դա միայն ճարտարապետների խնդիրը չէ, որ նստեն, որոշեն, որ պետք է բուհերը տեղափոխվեն, պետք է նախ բուհերի պատասխանատուների հետ խոսեն»: Ըստ տիկին Դանիելյանի, սա նաեւ քաղաքական հարց է, իշխանությունները հստակ նպատակ ունեն. «Առանց այդ էլ խելքերի արտահոսք կա, հիմա էլ ով Երեւանում մնացել է, ուզում են վերացնել, դուրս հանել Երեւանից` երեւի խանգարում են իշխանություններին»: Կարինե Դանիելյանը չի պատկերացնում, թե բուհերի տեղափոխմամբ ինչպես է լուծվելու մյուս կարեւոր կառույցների տեղափոխման խնդիրը. «Ո՞նց են պատկերացնում լաբորատորիա տեղափոխելը, մինչեւ տեղափոխեն, կեսը չի լինի։ Իսկ թանգարաններն ու գրադարանները բուհական համակարգի սնող մասն են, դրանք ո՞նց են տանելու։ Կարծում եմ՝ կրթական համակարգի ոչնչացում կլինի, ու դա վերջին հարվածը կլինի երկրին»։ Տիկին Դանիելյանը վստահ է, որ այս ծրագիրը իրականացվում է ոչ թե Երեւանը բեռնաթափելու կամ Գյումրին զարգացնելու համար, այլ բուհերի շենքերը այլ նպատակով օգտագործելու համար. «Մտածում են, ինչ հնարավոր է ծախենք` դարձնենք բիզնես, կապ չունի` կրթություն է, գիտություն է, թե ինչ»։ ՀՊՄՀ քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նույնպես դեմ է այս նախագծին։ Ըստ նրա, իշխանությունների մատնանշած «ակադեմիական ավանը» այսօր Երեւանում էլ է առկա. «Տեսեք համալսարանների շրջագիծը, դա ինչ վատ ակադեմիական ավան է, բոլորը իրար մոտիկ են, մոտիկ են նաեւ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մյուս բոլոր թատրոնները, համերգասրահները, գրադարանները։ Դրանք կրթության ֆունդամենտն են։ Առանց դրանց Գյումրիում չէ, Գորիսում էլ, ուրիշ տեղ էլ, կրթական համակարգ չի կարող լինել»։ Ըստ պարոն Շիրինյանի, այս նախագծի իրականացումը ճնշում է Հայաստանի վրա արտասահմանից. «Ուզում են փոշիացնել մեր կրթությունն ու գիտությունը: Բայց ես զարմանում եմ նաեւ Գյումրիի իշխանությունների վրա, ուզում եմ նրանց հարց տալ` դուք կարո՞ղ եք նման ավան պահել, այդքան տուն ունե՞ք, այդքան փող ունե՞ք: Եթե այո, ապա դոմիկներում ապրող մարդկանց ավելի լավ է տնով ապահովեք»։