Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ ԵՄ-ն վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eu

Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի ստորագրումը Ռիգայում սկանդալով է ուղեկցվել։ Վերջին պահին Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել հայտարարությունը։ Պատճառը փաստաթղթում Լեռնային Ղարաբաղին առնչվող ձեւակերպումներն են, ըստ որի՝ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով տեղի ունեցող երկկողմ հանդիպումների ձևաչափին: Թե այս ձեւակերպման որ հատվածը հատկապես դուր չէր եկել Ադրբեջանին, հայտնի չէ, բայց նրանց ստորագրությունը հայտարարության տակ դրվել է միայն Եվրոպական Խորհրդի նախագահի՝ Իլհամ Ալիեւին հեռախոսազանգից հետո։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Իլհամ Ալիեւը հենց այս ձեւակերպումների պատճառով չէր ժամանել Ռիգա։ Ասվում էր, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հայտարարությունը հրաժարվում են ստորագրել նաեւ Հայաստանն ու Բելառուսը՝ «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթի պատճառով։   Հուշագրի ստորագրումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին տվել է պարզաբանում, թե ընդհանուր Հռչակագրի մեջ կային մի շարք եզրույթներ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներ, այդ թվում Հայաստանը, տարբեր կարծիք ունեին։ «Հայաստանի այն առաջարկները և այն գաղափարները, որոնք ներկայացվել էին, ըմբռնումով ընդունվեցին, և կարող եմ ասել՝ մեծ մասամբ ընդունվեցին և արտացոլվեցին այդ Հռչակագրի մեջ»,- ասել է նա։ Իսկ մինչեւ հայտարարության ստորագրումը, գագաթնաժողովին ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը։ Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Մինչդեռ այդ երկրի իշխանությունը, ըստ Սերժ Սարգսյանի, «տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք և այն դրոշ դարձրած, հետևողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարևոր սկզբունքները»: Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Ռիգայի գագաթնաժողովը մի քայլ առաջ տարավ Եվրոպական միության և հետխորհրդային երկրների միջև հարաբերությունների զարգացումը։ Այդ տեսակետից այն կարեւոր է նաեւ Հայաստանի համար։ «Մենք համաձայնության ենք եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների ծավալների մասին»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ավարտին: Իսկ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը չի բացառել, որ ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար: «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովը 2017 թվականին, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում։