Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոնթե Մելքոնյանի անվան ավագ դպրոցում հնչել է վերջին զանգը

Հասարակություն
unnamed410

Ինչպես հանրապետության հանրակրթական մյուս դպրոցներում, այնպես էլ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում մայիսի 22-ին ազդարարվեց 2014-2015թթ. ուսումնական տարվա ավարտը և ավարտական դասարանների աշակերտների համար հնչեց վերջին զանգը: unnamed5 Դպրոցի շրջանավարտներին շնորհավորելու և նրանց վերջին դասին մասնակցելու նպատակով կրթօջախ էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, դպրոցին կցագրված զորամասի հրամկազմը, այլ հյուրեր: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց կրթօջախի բակում կանգնեցված Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման պատիվն ընձեռվեց ՀՀ պաշտպանության նախարարին: Դպրոցում տեղի ունեցավ նաև անցած ամռանն ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս արիաբար զոհված ժամկետային զինծառայող Արմեն Հովհաննիսյանի կիսանդրու բացման արարողությունը, որին բացման պատիվը տրվեց Արմենի ծնողներին: Կիսանդրին տեղադրվել է նորօրյա հերոսի անունը կրող դասասենյակում: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը, Արմեն Հովհաննիսյանի հարազատները և պատվավոր մյուս հյուրերը կրթօջախի դահլիճում ներկա գտնվեցին դպրոցի ավարտական դասարանի աշակերտների վերջին դասին: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի սպասավորները, որոնց առաջարկով էլ միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով: Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան դպրոցի սաները, ելույթ ունեցավ նաև ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը: Շնորհավորելով դպրոցի հերթական շրջանավարտներին՝ Սեյրան Օհանյանը կարևորեց բանակ-դպրոց կապն ու երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը: պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատեց, լեգենդար Մոնթեի անունը կրող դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է թե առօրյա կյանքում, թե երկրի համար վճռորոշ պահերին անի առավելագույնը` Մոնթեին, Արմենին ու հայրենիքի համար զոհված մյուս տղաներին նմանվելու համար: Շնորհակալություն հայտնելով դպրոցի` միջոցառմանը ներկա նախկին շրջանավարտներ, իսկ ներկայումս ժամկետային զինծառայություն անցնող զինվորներին, Սեյրան Օհանյանն օրինակելի ծառայության համար նրանց շնորհեց կարճատև արձակուրդներ: Վերջին դասի ավարտն ազդարարող զանգի ղողանջը մայիսի 22-ին հնչեց նաև Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, որտեղ ևս տոնական օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառում: Այստեղ էլ շրջանավարտները վերջին անգամ դպրոցական բեմ բարձրացան՝ քաջ գիտակցելով, որ այսուհետ մտնում են կյանքի նոր փուլ, որը որքան հետաքրքիր, նույնքան էլ բարդ է ու պատասխանատու: Շրջանավարտներն իհարկե ուրախ էին ու հուզված, որ ավարտում են դպրոցական կյանքի առաջին փուլը: Չէ՞ որ առջևում՝ դեպի ավագ դպրոց տանող, հետաքրքիր իրադարձություններով ու փորձություններով լի նոր շրջանն է, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս տարիների ընթացքում արդեն հարազատ ու սիրելի դարձած դպրոցին ու ուսուցիչներին: Կրթօջախում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով լցված դպրոցականները երախտիքի ու հրաժեշտի խոսքեր հղեցին իրենց ուսուցիչներին, հուզիչ երգերի, բանաստեղծությունների, հումորային կատարումների միջոցով շնորհակալություն հայտնեցին իրենց կրթելու ու դաստիարակելու և այսօր արդեն նոր կյանքի շեմին հասցնելու համար: Վերջին զանգի արարողությանը թիվ 20 հիմնական դպրոցում աշակերտների հետ մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով հպարտությամբ ու բերկրանքով նշեց, որ ինքն էլ նույն դպրոցի շրջանավարտ է: Դավիթ Տոնոյանն աշակերտներին հորդորեց երբեք չկորցնել կապը միմյանց և հարազատ կրթօջախի հետ, մաղթեց նորանոր նվաճումներ, հաջողություններ, վերելքի բազում ուղիներ, իսկ ամենագլխավորը՝ որպեսզի յուրանքանչյուրը, անկախ ընտրած մասնագիտությունից, դառնա հայրենիքին արժանի ու նվիրյալ քաղաքացի: