Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկապարտեզ գնալու համար խոստանում են փոխադրամիջոց տրամադրել (տեսանյութ)

Հասարակություն
mankapartez

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը պնդում է, որ համայնքների խոշորացումը իր հետ կբերի դրական փոփոխություններ համայնքներում։ Այս հարցով օրերս տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ ամենաբարձր մասնակցություն գրանցվել է Սյունիքի մարզում՝ 67%, Լոռիում մասնակցությունը 39.6% է, իսկ Տավուշում՝ 27.7%: Սյունիքում համայնքների խոշորացման հանրաքվեին մասնակցել է 8 համայնք և կողմ է քվեարկել մասնակիցների 94%-ը, Լոռիում մասնակից համայնքների թիվը 7 է, կողմ է քվեարկել 68%-ը, իսկ Տավուշի մարզում 7 համայնք է մասնակցել հանրաքվեին, կողմ է քվեարկել մասնակիցների 73%-ը։ Ըստ Աշոտ Գիլոյանի՝ համայնքների խոշորացումը նպաստելու է այդ համայնքների զարգացմանը, չնայած այն հանգամանքին, որ համայնքապետարաններում որոշ հաստիքներ կկրճատվեն, իսկ համայնքապետերը կլինեն նշանակովի։ Իսկ թե ինչպես է լուծվելու, օրինակ, մանկապարտեզների հարցը, բոլո՞ր համայնքներում կլինեն դրանք, Գիլոյանը նշեց, որ ոչ բոլոր համայնքներում կլինեն մանկապարտեզներ, իսկ այլ համայնքներ տեղափոխելու համար կտրամադրվեն տրանսպորտային միջոցներ։ Լրագրողների հարցադրմանը, թե կան կարծիքներ, համաձայն որոնց՝ համայնքների խոշորացումը հստակ նպատակ չի հետապնդում և ընդամենը դրամաշնորհային ծրագիր է, Գիլոյանը պատասխանեց. «Համայնքների խոշորացման ցանկություն եղել է՝ սկսած 1996 թվականից, այդ հարցի շուրջ միշտ էլ եղել են քննարկումներ, և հիմա սկսվել է դրանց իրականացումը»։ Գիլոյանը չհերքեց, որ համայնքների խոշորացումը իրականացվում է արտաքին դրամաշնորհներով, իսկ հանրաքվեների կազմակերպման համար գումարներ տրամադրվել են պետական բյուջեից։ Հանրաքվեների արդյունքներն էլ Կառավարության համար կունենան զուտ խորհրդատվական նշանակություն։