Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տերտերյանի ժամանակը»՝ Սեւանի ափին

Մշակույթ
11261101_844764062284949_710100927_n

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Հայրիվանք համայնքում կանցկացվի երաժշտական փառատոն` «Տերտերյանի ժամանակը» խորագրով: Փառատոնն անցկացվելու է հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակի շրջանակներում: Կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումները մեկնարկել են անցյալ տարի եւ շարունակվելու են մինչև այս տարվա վերջ: Այդ շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ։ Շուշիում անցյալ տարվա հունիսին բեմադրվել է կոմպոզիտորի «Կրակե օղակ» օպերան, Երևանում տեղի են ունեցել համերգներ, հոբելյանական միջոցառումներ, իսկ Եկատերինբուրգում, որտեղ որոշ շրջան աշխատել եւ բնակվել է կոմպոզիտորը, փողոցներից մեկն այս տարվա ընթացքում կոչվելու է Ավետ Տերտերյանի անվամբ: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Ավետ Տերտերյանի որդին` երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, մանավանդ արտասահմանյան երաժշտական աշխարհում Ավետ Տերտերյանի արվեստի հանդեպ մեծ հետաքրքրությունը հարգանք է ոչ միայն կոմպոզիտորի, այլև` հայ ժամանակակից արվեստի եւ հայ ժողովրդի հանդեպ: Նա տեղեկացրեց, որ Հայրիվանքում փառատոնն անցկացվելու է Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի նախաձեռնությամբ եւ Հայաստանի եւ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Փառատոնը Հայրիվանքում է համախմբելու ժամանակակից ստեղծագործողների` աշխարհի տարբեր վայրերից: Փառատոնի անցկացման վայրը պատահական չի ընտրվել` իր կյանքի վերջին տարիներին Սևանի ափին գտնվող այդ գյուղում ստեղծագործել է Ավետ Տերտերյանը: Տունը, որտեղ բնակվել է կոմպոզիտորը, այսօր վերածված է կոմպոզիտորի անունը կրող ստեղծագործական կենտրոնի, տեղեկացրեց Ռուբեն Տերտերյանը: