Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանկերը գյուղացու հաշվին ձեռքները տաքացրին». Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Տնտեսություն
bd7d022f96c4082c60842d7901fae8b5

«Այս տարի կայուն բերք ենք սպասում, հատկապես՝ ծիրանի և մյուս պտուղների դեպքում։ Ռեկորդային բերք չի լինի, բայց կունենանք նորմալ  քանակ»,- հավաստիացրել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ Ըստ նրա՝ տարին բարենպաստ է եղանակային առումով, պարզապես գյուղացիները պետք է ժամանակին անեն անհրաժեշտ պատվաստումները , որպեսզի տարբեր հիվանդություններից բերքը չփչանա։ Կարտոֆիլագործության ոլորտում ևս դրական միտում է նկատվում։ 800 տոննա տնկանյութ է կարտոֆիլագործներին տրամադրվել, որի արդյունքը շուտով կտեսնենք։ «Արարատյան դաշտում 300 հա կարտոֆիլի ցանքատարածությունների աճ կա։ Այդ պատճառով է նաև, որ նոր կարտոֆիլն այժմ շուկայում բավականին էժան է վաճառվում»,-շեշտել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։ «Այս տարվա առատ անձրևներից հատկապես Բաղրամյանի շրջանը տուժեց. 1300 հա տարածք վնասվեց կարկուտից»,-նշել է պարոն Բերբերյանը։ Նա ավելորդություն է համարում հակակարկտային կայանները, քանի որ այդ սարքերն անպիտան են և չեն օգնում գյուղացուն։ «Կայանները դրված են, բայց հենց կարկուտ է գալիս, ամբողջ բերքը վնասվում է։ Ավելի լավ է՝ գյուղացու հետ պայմանագիր կնքեին, որ եթե կարկուտից բերքը փչանա, իրենք փոխհատուցեն»,-առաջարկում է գյուղոլորտի մասնագետը։ Մեկ այլ խնդիր էլ պարոն Բերբերյանը տեսնում է գյուղացուն տրամադրվող վարկերի հարցում։ «Համաշխարհային բանկն ու այլ կառույցներ մի քանի տարի առաջ 70 մլն դոլար վարկ տրամադրեցին Հայաստանի գյուղատնտեսության համար։ Այդ վարկերն ի՞նչ են եղել, դա պետք է պարզել։ Առաջին տարում է միայն տրվել գյուղացուն, թեև բարձր տոկոսադրույքով»,-շեշտել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։ Նրա համոզմամբ՝ գյուղացին այս հարցում շատ է տուժել։ «Փաստորեն, բանկերը գերշահույթ ստացան. գյուղացու հաշվին ձեռքները տաքացրին»,-եզրափակել է պարոն Բերբերյանը։