Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցիչներն այցելել են հայ սահմանախախտին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
13491_large

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն օրերս այցելել են այդ երկրում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ Այս տեղեկությունը Ա1+-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք պարբերաբար այցելություններ ենք կատարում Արսեն Բաղդասարյանին՝ գնահատելու նրա պահման պայմանները, ինչպես նաև առողջական վիճակը»,-նշեց Ամատունին՝ հավելելով, որ չեն կարող որևէ տեղեկություն հայտնել Արսեն Բաղդասարյանի առողջական վիճակի մասին, քանի որ  այդպիսի տեղեկատվություն տրամադրվում է միայն պետական մարմիններին։ Ամատունին նշեց նաև, որ իրենց միջոցով Արսեն Բաղդասարյանը հնարավորություն ունի կապի մեջ լինելու և հաղորդակցվելու ընտանիքի անդամների հետ։ Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը ադրբեջանական կողմն էր անցել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Աղդամի կողմից։ Ադրբեջանական կողմը նրան ներկայացրել էր որպես հայկական բանակի զինծառայող, ով գերեվարվել է դիվերսիոն հարձակման փորձի ժամանակ։ Ավելի ուշ Արցախի ՊԲ-ը հերքել էր այս տեղեկությունը՝ հայտնելով, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից։ Ավելացնենք, որ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում տեղի էր ունեցել դատավարություն, Արսեն Բաղդասարյանին առաջադրվել էր մեղադրանք՝ մի քանի հոդվածներից բաղկացած։ Ադրբեջանական դատարանի կողմից Բաղդասարյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։