Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 21-ի օրերը. մայրաքաղաքում գեյ-շքերթի փորձ էր նախաձեռնվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1997 թվականին հանկարծամահ եղավ Հանրապետության գործող նախագահի ավագ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր, «Հրազդանմաշ» ձեռնարկության նախագահ Թելման Տեր-Պետրոսյանը։ 2001-ի այս օրն ընդունվող «Կոռուպցիայի կանխարգելման» մասին օրենքով նախատեսվում էր բարձրաստիճան պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում։ Նախագծից անհետացել էր ծախսերի հայտարարագրման պահանջը։ 2001-ին տրոհվում եւ տրոհվում էր ԱԺՄ-ն, որի հիման վրա առաջանում էին մանր-մունր կուսակցություններ։ Մայիսի 21-ին կայացավ Արշակ Սադոյանի ԱԺԴ-ի հիմնադիր համագումարը։ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի քավորությամբ սուրբ Հակոբ եկեղեցում մկրտվեցին 70-ն անց արտաշատցի մի խումբ տարեցներ։ Երեւան  բերվեցին Իրանի տարածքում վթարված Յակ-40 ինքնաթիռի անձնակազմի հայ անդամների դիակները։ Հենց օդանավակայանում կայացավ զոհվածների քաղաքացիական հոգեհանգիստը։ Վթարի հետեւանքով զոհվել էին վարձակալված հայկական ինքնաթիռի 30 ուղեւորներն ու անձնակազմի 5 հայ անդամները։ 2001-ի մայիսի 21-ին Հայաստանի տարբեր մարզերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հանդիպում էին Ադրբեջանից տեղահանված քաղաքացիներին։ Փորձ էր արվում բնակչությանը բացատրել, որ հանուն խաղաղության արժե գնալ զիջումների։ 2004-ի մայիսի 21-ին կայացած ընդդիմության միասնական հանրահավաքի կազմակերպիչները սպառնացին իշխանություններին, թե հաջորդ միտինգի ժամանակ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26։ 2007-ի այս օրն ամփոփվեցին խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ 2008-ի մայիսի 21-ին հանկարծամահ եղավ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։ 2009-ի այս օրը 200 փաստաբան հայտարարեցին, որ պատրաստ են անվճար հիմունքներով պաշտպանել իրենց 4 գործընկերների իրավունքները, եթե վերջիններս հայտնվեն մեղադրյալի կարգավիճակում։ Խոսքը մարտի 1-ի գործով դատական նիստերից մեկի ժամանակ դահլիճը լքած փաստաբանների մասին է, ում նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մտադրության մասին հայտարարել էր դատավորը՝ որակելով արարքն իբրեւ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ 2010 թվականի մայիսի 21-ին բնապահպանների մտահոգության առարկան Սյունիքում ուրանի հանքերի շահագործման հավանականությունն էր։ 2012-ի այս օրը Երեւանում մշակութային բազմազանության երթ անցկացնելու փորձ արվեց ։ Երթը խափանելու վճռականությամբ հավաքվել էին բազմապատիկ անգամ ավելի շատ թվով երիտասարդներ, ովքեր համոզված էին, որ մշակութային բազմազանության քողի ներքո մեր մայրաքաղաքում գեյ-շքերթի փորձ է նախաձեռնվում։