Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին Արամ Մանուկյանին հորդորեց կանգնել հենց նախագահականի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
gaspari

Բաղրամյան պողոտայում, նախագահական նստավայրի դիմացի մայթին են հավաքվել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին սատարող ակցիայի մասնակիցները։ Վարդգես Գասպարին կարծում է, որ դիմացի մայթին կանգնելը «ծաղրածուություն» է, պետք է գնալ հենց նախագահականի մոտ։ Նա ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին հորդորեց գնալ ու կանգնել հենց այնտեղ։ Արամ Մանուկյանը պատասխանեց, որ ինքը երբեք օրենքը չի խախտում։ Հիշեցնենք, մի քանի օր առաջ ոստիկանները բռնություն էին գործադրել զոհված զինվորների մայրերի նկատմամբ, ովքեր ակցիան իրականացնում էին հենց նախագահական նստավայրի մոտ։ Այս պահին քաղաքացիները ստորագրում են ոստիկանական բռնությունների դեմ հայտարարության տեքստի տակ։ Մենք՝ ներքոստորագրյալներս, սույնով հայտարարում ենք, որ մեզ խիստ մտահոգում է բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողների վիշտը եւ արդարության հասնելու անկարողությունը: Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունները եւ շուտափույթ լուծում տալ որդեկորույս ծնողների արդար պահանջներին: Պահանջում ենք ձեռնարկել արագ եւ կտրուկ քայլեր՝ քրեական գործերին արդար ընթացք տալու, նախկինում թույլ տրված ապօրինությունները վերացնելու եւ արդարությունը վերականգնելու ուղղությամբ:  Պահանջում ենք չհովանավորել հայոց բանակի զինվորներին սպանած հանցագործներին, չդառնալ նրանց հանցակից եւ չկոծկել հանցագործությունները:  Սույնով մենք նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողներին աջակցելու հարցում, մենք կանգնելու ենք նրանց կողքին, ում երեխաները սպանվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իսկ մարդասպանները մնացել են անպատիժ: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու միանալ որդեկորույս ծնողների արդար պահանջին:  Մենք այսօր դատապարտում ենք բանակում տեղի ունեցող հանցագործությունները, որպեսզի դրանք չկրկնվեն վաղը: Դուք էլ դատապարտեք զինվորների սպանությունը, որպեսզի չգրանցվեն սպանության նոր դեպքեր: