Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարոյանը վիրավորեց Զ. Փոստանջյանին. վերջինս ոստիկանություն է ուզում կանչել

Քաղաքականություն
632710b001b0f77b5d31c4121ddcb631

ԱԺ-ում մինչ քսան րոպե ընդմիջման գնալը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց ժամանակին իր կողմից շրջանառության մեջ դրված մի նախագծի մասին, որտեղ խոսում էր Սյունիքի մարզպետի հանցագործությունների մասին. «Նա դատապարտված է եղել մի քանի անգամ ու չպետք է պաշտոնավարի այլեւս: Դուք, այդպես էլ շրջանցելով ԱԺ Կանոնակարգ օրենքը, նախագիծը չդրեցիք շրջանառության մեջ ու դրա համար տեսնում ենք, ինչպես է նրա որդին պարբերաբար ընդգրկվում վիճաբանությունների մեջ, որի արդյունքում վերջերս մի երիտասարդ կուրացել է: Այդ մեղքի բաժինը նաեւ դուք եք կրում, պարոն Սահակյան, այս անպատժելի մթնոլորտի պատճառով, քանի որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարումը հասարակության համար սպառնալիք է դառում: Նրա որդին թմրամոլ է, այս արատավոր ընտանիքը ունենալով լծակներ, սպառնալիք է հասարակությանը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նա այդ հանցագործությունների մասին այլ տեղ պետք է խոսի, ԱԺ լիազորությունը չէ դա. «Այսօր կամ վաղը Գլխավոր դատախազը հաշվետվությամբ է հանդես գալու, իրեն ուղղեք այդ հարցերը: Կարող եք նաեւ՝ որպես պատգամավոր, ցանկացած մարմնի բանավոր ու գրավոր հարցում ուղարկել: Բոլոր պատգամավորներն էլ դատապարտում են. եթե կա հանցակազմ, ապա պետք է դատապարտվի»: ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը սկսեց տեղից բղավել նրա ուղղությամբ: Զարուհի Փոստանջյանը վարման կարգով շարունակեց. «Դուք այդպես էլ չանդրադարձաք իմ հարցին՝ ինչո՞ւ եք շրջանցել Կանոնակարգը: Եթե այն ժամանակ դնեիք, հավանաբար երիտասարդը, որ կորցրել է աչքը, այդ դեպքը տեղի չէր ունենա»: Նրա խոսափողն անջատեց Գալուստ Սահակյանը. «Դուք մարդկանց մեղադրում եք»: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պատիվը որոշեց պաշտպանել մինչ օրս ԱԺ նիստերին պասիվ ՀՀԿ պատգամավոր Հայկ Գրիգորյանը. «Թող կոռեկտ արտահայտվի ու ավելորդ պիտակավորումներ չանի մեր մարզպետի հասցեին»: Գալուստ Սահակյանը նրա խոսափողն էլ անջատեց: Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան վիճաբանությունը շարունակվեց նաեւ միջանցքում, իսկ ավելի ուշ՝ նաեւ նիստերի դահլիճում: Տիկին Փոստանջյանը Սեյրան Սարոյանին փոխանցեց իր հեղինակած նախագիծը, որը պարոն Սարոյանը, առանց նայելու, պատռեց ու սկսեց բղավելով վիրավորանքներ, սպառնալիքներ ուղղել Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ: ՀՀԿ պատգամավորները մոտեցան Զարուհի Փոստանջյանին ու սկսեցին հեռացնել: Այդ ընթացքում տիկին Փոստանջյանը Սեյրան Սարոյանի ուղղությամբ նետեց. «Ես հենց հիմա ոստիկանություն կկանչեմ»: