Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ ԱԺ-ում. Գ. Սահակյանը ձայնից զրկում է թանկացումներից խոսողներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
95f2d9c2103b06e91838a50bedeee5b2

ԱԺ այսօրվա քառօրյայի մեկնարկին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից. «ՀԾԿՀ-ն ստացել է հայտ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու: Սոցիալական նման ծանր պայմաններում նման քայլի գնալը անհարիր է: Քիչ առաջ տեղի է ունեցել չորս ընդդիմադիր խմբակցության  աշխատանքային հանդիպումը: ԲՀԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ օր առաջ հրավիրել խորհրդարանական լսումներ՝  հրավիրելով Էներգետիկայի նախարարին ու հայտ ներկայացողներին, որոնք ըստ իրենց, վնասներով են աշխատել, սակայն մազոխիստաբար շարունակում ենք չհրաժարվել նրանց ծառայությունից: Հորդորում ենք՝ այս հարցը դարձնել ԱԺ նախաձեռնություն ու բոլոր շահագրգիռ կողմերով քննարկումներ անել, թե ինչ հաշվարկների հիման վրա են պնդում, որ սակագնի թանկացումը պետք է»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հենց ՀԾԿՀ-ն պատրաստ լինի, նյութերը կպատրաստեն ու լսումները կկայանան, որին ներկա կլինեն այն անձնավորությունները, որոնք հարցի համար պատասխանատու են: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱԺ-ն պետք է պոստֆակտում արձագանքեր սակագնին. «Մենք հիմա պետք է նախապես քննարկումներ իրականացնեինք, թե ինչու են ՀՀ էներգետիկ ցանցերը 300 մլն-ի պարտք կուտակել: Բաշխիչ ցանցերի ղեկավարության պարզաբանումներից պարզ է դառնում, որ իրենց լեքսուսների ու աստղաբաշխական թվերով ձեռք բերված հողատարածքների համար սպառողները պետք է վճարեն»: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այս հարցում չպետք է բանակների բաժանվեն. «Եթե սակագինը բարձրանում է, ապա դա մեր բոլորիս հոգսն է: Մենք դեռ որեւէ նյութ չունենք այդ մասին, դա լիազոր մարմնի մոտ է, կհրավիրենք լսումների, կքննարկենք: Դուք խոսում եք լեքսուսների կամ այլ չարաշահումների մասին, այդ նյութերը ներկայացրեք այլ շահագրգիռ մարմինների: Եթե այլ վերլուծությունների եք սպասում, ապա լիազոր մարմնին պետք  է սպասել»: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւս անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձացմանը՝ ասելով. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ վիճակը կատաստրոֆիկ է՝ ՀԷՑ-ը մոտ մեկ մլրդ պարտք ունի, իսկ ՀՀ պետական պարտքը կազմում է վեց մլրդ: Կառավարությունը դժբախտ իրավիճակում է: Ընդ որում՝ ՌԴ ՋԷԿ-երն արտադրում են էլեկտրաէներգիայի 67 տոկոսը, ՀՀ-ում՝ 29 տոկոսը, ու մեզ մոտ էլեկտրաէներգիայի ավելի էժան պետք է լիներ: ՌԴ-ում ու Ուկրաինայում ՋԷԿ-երն աշխատում են շահութաբեր: Պետք չէ Ռոբերտ Նազարյանին բերել այստեղ, նա ոչինչ չի կարող ասել, նա որեւէ հարցի լուծում չի կարող տալ: Դադարեցրեք սակագինը հաստատելը, թող իրենք անեն: Տնտեսական հինգ-տասնհինգ տոկոսանոց անկում է  սպասվում»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ սակագինը համարում է ամենակարեւոր օրակարգային հարցը հենց ԱԺ-ի համար եւ դրա համար հիմա միայն այդ հարցը պետք է քննարկել. «Մենք կարծում ենք, որ այն պետք է քննարկվի լիագումար նիստում....»: Նա չհասցրեց ավարտել իր խոսքը՝ գալուստ Սահակյանն անջատեց նրա խոսափողը՝ կոչ անելով խոսել միայն օրակարգի մասին: Վարման կարգով Լեւոն Զուրաբյանը կրկին խոսեց  ընդհատված թեմայի մասին. «ՀԷՑ-ի գողացած պարտքը փորձում են դնել սպառողների ուսերին, մենք ձեւաթուղթ ենք վերցրել, որ անցկացվի արտահերթ նիստ...»: Գալուստ Սահակյանը կրկին անջատեց նրա խոսափողը: Նաիրա Զոհրաբյանը եւս սկսեց խոսել էլեկտրաէներգիայի սակագնի մասին՝ ասելով, որ Ռոբերտ Նազարյանն անձամբ իրեն ասել է, որ դիմել է հայտ ներկայացնողներին՝ օր առաջ լուծեն այս հարցը. «Ժողովրդին հետաքրքրող թիվ մեկ հարցը սա է...»: Նրա խոսքը եւս անավարտ մնաց՝ Գալուստ Սահակյանն անջատեց նրա խոսափողը եւս: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես խոսեց էլեկտրաէներգիայի սակագնից: Նրա խոսափողը եւս անջատվեց: Մեծ սկանդալ սկսվեց, երբ Գալուստ Սահակյանն անջատեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսափողը: Նա բարկացած, մատ թափ տալով, սկսեց դուրս գալ դահլիճից: Այդ ընթացքում նրա հետ լեզվակռվի մեջ մտավ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փորձեց խոչընդոտել նրան՝ լքել դահլիճը: Լեւոն Զուրաբյանը կոչ արեց Գալուստ Սահակյանին՝ իր գործողություններով իրավիճակը չլարել, սակայն պարոն Սահակյանն անդրդվելի էր՝ կրկին անջատեց խոսափողը: Հեղինե Բիշարյանը պահանջեց քսան րոպե ընդմիջում՝ հասկանալու համար՝ ինչ է  կատարվում դահլիճում: